ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հասարակության համակարգի փոխակերպման առանձնահատկությունները» մասնաճյուղի աշխատանքները
16.04.2012
Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովի լիագումար նիստի ավարտից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ՀՊՄՀ-ում առանձին մասնաճյուղերով:
Փիլիսոփայության և տրամաբանության ոլորտում 1-ին մանաճյուղի զեկուցումները վերաբերում էին հասարակության համակարգի փոխակերպման առանձնահատկություններին:
Մասնաճյուղի համաղեկավարներն էին ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և ԵՊՀ-ի տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, ՀՀ հանրային խորհրդի «Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի» հանձնաժողովի նախագահ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:
Սեկցիայի առաջին զեկուցողը ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էր: Վերջինիս թեման էր «Համակարգային մտագործունեական մեթոդաբանության հնարավորություններն ու սաhմանափակումներն ապագա քաղաքակրթության էության իմաստավորման գործում»: Զեկուցման ընթացքում քննարկվեց սոցիալական իրողության զարգացման սկզբնաղբյուրի հարցը` ելնելով այն դիրքորոշումից, որ սոցիալական իրողության զարգացումը պայմանավորված է մարդու ազատ էության և հասարակական իրողության համակեցութային բնույթի փոխներդաշնակեցման գործոնով:
«Սոցիալ-մշակութային փոխակերպումներ. նոր համատեքստ (գլոբալացումը և մշակույթը)» թեմայով զեկույցը ներկայացրեց փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Վ. Բրյուսովի անվան ԵրՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, դեմոկրատիայի և եվրոպական հետազոտությունների ամբիոնի դոցենտ Գագիկ Հովհաննիսյանը: Նրա ուսումնասիրության մեջ քննվում է մշակութային զարգացումների վրա գլոբալիզացիայի գործընթացի ազդեցությունը: Շեշտադրվում է նաև այն միտքը, որ մշակութային ոլորտի վրա գլոբալիզացիայի գործընթացի ազդեցությունը միանշանակ չէ. մի կողմից այդ ազդեցությունն արտահայտվում է որպես մշակութային ունիվերսալիզացիա, իսկ մյուս կողմից` որպես մշակութային առանձնացում:
Փիլիսոփայության պրոֆեսոր, Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Անա Բազակը հանդես եկավ «Շարքային մարդը և հասարակական զարգացումը» զեկույցով:
Զեկուցման նպատակն էր համընդհանուր հասկացությունների միջոցով հասկանալ քաղաքական և սոցիոմշակութային հարաբերությունների նյութական բովանդակությունը:
Վ. Բրյուսովի անվան ԵրՊԼՀ-ի լեզվաբանության համալսարանի լեզվաբանության և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Աբրահամյանն իր` «Լեզվական կարգայնացման ազգահոգելեզվական տարրերի մասին» զեկուցման մեջ ներկայացրեց այն փաստերը, որոնք ապացուցում են մարդկային լեզվի` որպես ընդհանուր ճանաչողական մեխանիզմի կարգավիճակը:
Սեկցիայի համաղեկավար, ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես հանդես եկավ զեկուցմամբ: «Հասարակական համակարգի փոխակերպման կառուցվածքային և գործառութային առանձնահատկություններ»-ում նա վերլուծեց և սահմանեց նոր ինստիտուտների ձևավորման կառուցվածքային և գործառութային բաղադրիչները, դրանց համաժամանակյա և ոչ համաժամանակյա զարգացման առանձնահատկություններն ու պայմանները:
Փիլիսոփայության դոկտոր, Տուրկուի համալսարանի պրոֆեսոր Յուհա Ռայկան էլ ներկայացրեց «Պահպանողական արդարության պարադոքսը» թեմայով զեկուցումը` առաջ քաշելով այն հարցադրումը, թե արդյո՞ք իդեալական արդարության պահանջները կարող են համապատասխան ձևով քննադատվել դիմադրության փաստարկի հիման վրա:
Ժամանակակից կրոնական ճգնաժամի դրսևորումների ու հետևանքների մասին զեկուցեց Հայաստանում Ամերիկյան հումանիտար համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Անդրանիկ Ստեփանյանը իր` «Կրոնական մոդեռնիզմի դրսևորումները փոխակերպվող հասարակության մեջ. կրոնի ճգնաժամը` որպես մշակութային ճգնաժամի արտահայտություն» թեմայով զեկույցի ընթացքում:
Նույն ոլորտում 1-ին մասնաճյուղն իր աշխատանքը կշարունակի նաև վաղը: