Օրերս Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի, «Ծիրանավոր» ՀԿ-ի և «Զինվոր» համակարգող խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՄՀ թանգարան էին այցելել Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան մանկատան և Երևանի Նանսենի անվան № 150 դպրոցի սաները:
Հյուրերին ողջունեց ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որն կարևորեց նախաձեռնության իրականացումն ու հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի:
Հյուրերին ներկայացնելով 90-ամյա պատմություն ունեցող բուհի անցյալն ու այսօրվա գործունեությունը՝ պրոռեկտորը վստահություն հայտնեց՝ համալսարանում գտնվելը կնպաստի քաղաքացու անձնային աճին, մասնագիտական դիմագծի ձևավորմանն ու նաև մասնագիտական ընտրություն կատարելուն:
ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը ևս կարևորեց սաների այցն ու վստահեցրեց՝ օրը հագեցած կլինի ջերմությամբ և հետաքրքիր դրվագներով:
Ձեռնարկին ներկա «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը չթաքցրեց՝ Մանկավարժական համալսարանը մշտապես աջակցել է բուհ-բանակ համագործակցության կայացմանը.«Տարիներ շարունակ եղել եմ մանկատան լավագույն բարեկամը և իմ մայրական օրհնությունը հաղորդել ձեզ: Այսօր էլ նույն մայրական սիրով հորդորում եմ՝ լավ սովորել, մասնագիտական կարողություններ ձեռք բերել Աբովյանի անունը կրող այս կրթօջախում և դառնալ գիտնականներ»:
Մանկավարժականի կրտսեր հյուրերը մասնակցեցին «Հայ գրերի ստեղծումը» դաս-էքսկուրսիային, իսկ ավագ տարիքի դպրոցականները շրջեցին թանգարանում և մեծ հետաքրքրությամբ « դիտեցին և ունկնդրեցին» Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանին:
Մանկավարժական համալսարանի հյուրերը պատրաստել էին անակնկալ. նրանք ներկայացրին Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը՝ խոսքը զուգակցելով իրենց պատրաստած տեսաֆիլմով:
Ի դեպ, հյուրերին իր աշխատասենյակում ընդունեց նաև ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Երեխաները հեռացան ոգևորված և վառ տպավորություններով, իսկ ՀՊՄՀ թանգարանի աշխատակազմն էլ վստահեցրեց՝ թանգարան-մանկատուն-դպրոց համագործակցությունը կլինի շարունակական:
