ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները»
16.04.2012
«Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ) թեմայով միջազգային գիտաժողովի


հանդիսավոր բացումից հետո աշխատանքները շարունակվեցին ՀՊՄՀ-ում` 5 տարբեր սեկցիաներում զուգահեռ:
Հոգեբանության ոլորտի 4-րդ և 5-րդ միացյալ մասնաճյուղերի աշխատանքներն անցկացվեցին «Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով:
Սեկցիայի համաղեկավարներն էին` Դ.Ն.Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Իրակլի Իմեդաձեն, հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյին անվան համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն, ՀՊՄՀ-ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը և ՀՊՄՀ-ի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Միջազգային և ֆրանսիացի հոգեվերլուծողների ընկերակցությունների անդամ, Հայ հոգեվերլուծողների ընկերակցության նախագահ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս-հայկական ընկերակցության փոխնախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելա Վարդանյանը:
«Անձի հիմնական և ածանցյալ նույնացումները» թեմայով զեկույցը ներկայացրեց ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:
Զեկույցի ընթացքում նա ներկայացրեց անձի նույնացման խնդիրը: Նա առաջարկում է տարբերակել անձի հիմնական և ածանցյալ նույնացումները:
Սամվել Խուդոյանի դիտարկմամբ, հիմնական նույնացումներն ի հայտ են գալիս վաղ տարիքում և անձի կյանքում ունենում են արմատական նշանակություն, իսկ ածանցյալ նույնացումներն առաջանում են ավելի ուշ, որոնց համընկնումը օբյեկտի հետ քիչ է:

Հոգեվերլուծության մագիստրոս, Մաանզիայի պետական համալսարանի դոկտոր Ռիտա Կոյումջյան-Երամյանը ներկայացրեց «20-րդ դարի առաջին ցեղասպանության հոգեբանական հետևանքները» թեմայով զեկույց:
Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության մերժման հետևանքով առաջացած վերապրողների և ժառանգների հոգեբանական տրավմաները:
Ռիտա Կոյումջյան-Երամյանը վստահ է`ամբողջությամբ անտեսված գաղտնիքների և տրավմաների անգիտակից գործառույթները երրորդ սերնդի մեջ կարող են զարգացնել անկայուն հուզական վարքեր, և չլուծված խնդիրներ առաջացնել:
«Անձի ինքնաիրացման հնարավորությունները փոխակերպվող հասարակությունում» թեմայով զեկույցը ներկայացրեց ՀՊՄՀ տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը:
Հոգեբանական գիտությունների դոկտորը ներկայացրեց անձի ինքնաիրացման հնարավորությունները` նորարարությունների ճգնաժամային պայմաններում, նորարարական շոկ հասկացությունը, դրա ախտանիշներն ու զարգացման փուլերը»:
Փոխակերպվող հասարակությունում Վլադիմիր Հարությունյանը կարևորում է «գիտելիքների հասարակությունը»:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և ֆինանանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Միրզախանյանը ներկայացրեց «Մենեջմենթում միջանձնային ագրեսիայի կառավարման որոշ մոտեցումների շուրջ» թեմայով զեկույցը:
Տնտեսագիտության թեկնածուն պատկերային ներկայացման միջոցով անդրադարձավ ագրեսիայի ուսումնասիրության հիմնական տեսական դրույթներին` մենեջմենթին` կազմակերպության կամ հաստատության համատեքստում:
Նա իր զեկույցում ագրեսիան դիտարկեց ոչ միայն որպես խոչընդտող հանգամանք, այլև` որպես արգելակող գործընթաց և բացասական հետևանք:
Կառլեն Միրզախանյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց ինչպես անհատական, այնպես էլ հասարարական բնույթի ագրեսիվ պահվածքի վերաբերյալ հիմնական տեսակետները, վարքագծային դիտարկման հնարավոր տարբերակները`ագրեսիվ վարքագծի և վերաբերմունքի պայմաններում:
«Փոխակերպվող հասարակության սոցիալ-հիմնախնդիրները» թեմայով մասնաճյուղի աշխատանքի ընթացքում զեկույցով հանդես եկան նաև Բուենոս-Այրեսի հոգեվերլուծողների ընկերակցության պատվավոր անդամ, հոգեվերլուծական ինստիտուտի պրոֆեսոր, Լինբերմանի կլինիկական կենտրոնի պրոֆեսոր Ասպեդ Արիյանը:
«Դեռահասային պաթոլոգիայի վաղ ախտորոշում» թեմայով զեկույցում նա ներկայացրեց պուբերտատի ժամանակ էդիպյան կոմպլեքսի երկրորդ վերամշակման ընթացքը, մանկական մարմնի կորուստի և նարցիսիզմի վերաակտիվացման ասպեկտը:
ՀՀ ԳԱԱ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Նաղդյանը ներկայացրեց «Փոխակերպվող հասարակությունը և տրանսցենդենտալ մետաֆիզիկան» թեմայով զեկույցը, իսկ ՀՊՄՀ-ի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Միջազգային և ֆրանսիացի հոգեվերլուծողների ընկերակցությունների անդամ, Հայ հոգեվերլուծողների ընկերակցության նախագահ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս-հայկական ընկերակցության փոխնախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելա Վարդանյանը` «Մայրերի սուպերվիզիան և նրա թերապևտիկ ադեցությունը երեխաների վրա» :
Զեկուցողների թվում էին նաև Դ.Ն.Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Իրակլի Իմեդաձեն, հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյին անվան համալսարանի պրոֆեսոր Ֆրանսուա Նոն և Թբիլիսիի բժշկակական պետական համալսարանի հեգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռամազ Սակվալիձեն:
Գիտաժողովի 4-րդ և 5-րդ միացյալ մասնաճյուղերի մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին սեկցիայի աշխատաքները: