Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) համալսարանական և ակադեմիական թանգարանների կոմիտեի նախագահ, Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանի մարդկային ռեսուրսների գծով պրոռեկտոր և նույն համալսարանի Գիտությունների այգի թանգարանի տնօրեն Հյուգ Դրեսենին:
Օտարերկյա հյուրի այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ ՀՊՄՀ–ի թանգարանին, հանդիպել բուհի ավագ և կրտսեր գործընկերներին:
Հյուրի առաջին ծանոթությունը բուհին սկսվեց նախասրահում փակցված միջնադարյան վանական համալիրները պատկերող պաստառներից.տպավորված դրանց կառուցման պատմությունից և կարևոր նշանակությունից՝ նա ցանկություն հայտնեց այցելել և իրականում գնահատել շինությունների գեղեցկությունը:
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի ուղեկցությամբ Հյուգ Դրեսենը եղավ նաև բուհի թանգարանում, ծանոթացավ համալսարանի ստեղծման պատմության ժամանակագրությանը` հիմնադրումից մինչև մեր օրերը, գործող ֆակուլտետներին, Հայրենական և Արցախյան պատերազմներին Մանկավարժականի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությանը, բուհում դասավանդած և մանկավարժության զարգացման գործում իրենց ավանդն ունեցած մասնագետներին:
Թանգարան կատարած շրջայցից հետո Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) համալսարանական և ակադեմիական թանգարանների կոմիտեի նախագահը հանդիպեց ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի համապատասխան մասնագետների հետ:
ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, կարևորելով հյուրի ներկայությունը բուհում, չթաքցրեց՝ նոր կրթական պարադիգմի կրող ուսումնական հաստատությունը հետ չի մնում արդի զարգացումներից և տեսական գիտելիքներից զատ, կարևորում է նաև անհրաժեշտ գործնական հմտությունների և կարողությունների ձևավորումը:
Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Լավրենտի Բարսեղյանը նկատեց՝ Ստրասբուրգում եղել է դեռևս 1992 թվականին. այն գեղեցիկ քաղաք է, ուր տեսնելու շատ բան կա՝ հնագույն եկեղեցիներից մինչև մեր օրերը պահպանված ջրանցքներ:
Պրոֆեսորը հյուրին ներկայացրեց հանդիպմանը ներկա իր գործընկերներին և նշեց՝ չնայած հավաքվածները թանգարանագետներ են, իրենց գործի գիտակներ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են թանգարաններում, այնուամենայնիվ, ուրախ կլինեն իրենց գիտելիքներին ավալացնել նաև Ձեր փորձը:
«Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից է. այն դեռևս մ.թ.ա 7-րդ դարում ունեցել է թանգարաններ, նաև խոշոր վանական համալիրներին կից գործող համալսարաններում: Լինելով թանգարանային հին ավանդույթներ ունեցող երկիր՝ պետականություն չունենալու պատճառով միայն վերջին 70 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել թանգարանների կայուն ցանց, որոնց թիվն այսօր 104-ն է»:
Հյուգ Դրեսենը նկատեց՝ Հայաստանում գտնվելու օրերին անպայման կայցելի թանգարաններ, իսկ մինչ այդ ուրախ է գտնվել դինամիկ և արագ զարգացող բուհում, որի ներսում գործող թանգարանը ևս պակաս հետաքրքրություն չի ներկայացնում:
Ինչպիսի՞ն է Ստրասբուրգի համալսարանի թանգարանի կառուցվածը, ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ մակերես է զբաղեցնում ցուցադրությունը, ինչպիսի՞ ուղղվածություն և ցուցանմուշներ ունի, արդյո՞ք հանդիսանում է ուսումնական կենտրոն. հանդիպման ընթացքում հայ գործընկերներն իրենց հուզող մասնագիտական հարցադրումներն ուղղեցին ֆրանսիացի գործընկերոջը:
Հյուգ Դրեսենը հանդիպեց նաև Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնի մագիստրոսներին, անցկացրեց վարպետության դաս:
Նա մասնակիցներին հորդորեց բաժանվել խմբերի, ապա դիտարկելով տվյալ թանգարանի հավաքածուն՝ հանդես գալ գործնական առաջարկներով.«Ցանկացած պարագայում հաջողության հասնելու գրավականը ռազմավարություն ունենալն է, հակառակ պարագայում դուք կդոփեք տեղում և չեք գրանցի առաջընթաց»,-խորհուրդ տվեց մասնագետը: