ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին փոխակերպական տրամաբանության խնդիրները
16.04.2012
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ 90-ամյակի շրջանակներում անցկացվող փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայականև հոգեբանական տեսանկյուններ) թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը հանդիսավոր բացումից հետո շարունակվեց հինգ մասնաճյուղերով: 2-րդ մասնաճյուղում ներկայացվեցին և քննարկվեցին փոխակերպական տրամաբանության խնդիրները:
Այդ մասնաճյուղի համաղեկավարներն էին Կոպենհագենի /Դանիա/ Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի /FISP/ նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոցենտ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Ջիջյանը:
Վերջինս ներկայացրեց «Փոխակերպական տրամաբանության մեթոդաբանական գործառույթը» թեմայով զեկուցում, որտեղ անդրադարձավ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի փոխակերպական տրամաբանության տեսությանը: «Այս տեսությունը իր մեթոդաբանական գործառույթն առաջին հերթին դրսևորել է ձևական տրամաբանության հանդեպ:
Փոխակերպական տրամաբանության մեթոդաբանական գործառույթի տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունեն փոխակերպական մոտեցման հետևյալ երկու կարգախոսները. ճշգրտել դիտարկվող տեսության հիմքային հասկացությունները և ուսումնասիրվող ոլորտի խնդրակարգում բացահայտել ոչ բացահայտը»,- ընդգծեց ակադեմիկոս Ջիջյանը:
Այնուհետև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը ներկայացրեց «Հավանականությունը մաթեմատիկայում և պատմության մեջ» թեմայով զեկուցումը, որտեղ ընդգծեց, որ հավանականությունների մաթեմատիկական տեսությունը իր դասական դրվածքով հիմնվում է անկախության հասկացողության և մեծ թվերի օրենքի վրա: Այդ գաղափարները նկատելի հաջողությամբ օգտագործվում են ապահովագրական պրակտիկայում: Զեկուցողը խոսեց նաև այն մասին, թե արդյոք կարելի է նույն հավանական մեթոդներն օգտագործել անցյալի պատահարների ենթադրություններում, ասենք ռազմական ցենզուրայի կամ պատերազմական պրոպագանդայի պայմաններում` հավաստի ինֆորմացիայի բացակայության պատճառով:
Հաջորդ «Թիվ հասկացության էպիստեմաբանական-արժեքային չափումները և ծագման վաղ փուլը /ֆիլոգենեզ/» թեմայով զեկուցում ներկայացրեց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հայկունի Հարությունյանը:
Բովանդակալից և հետաքրքիր զեկուցման մեջ ներկայացվեց և քննարկվեց Թիվ հասկացության ծագման պատմությունը` էպիստեմաբանական և արժեբանական տեսանկյունից` ֆիլոգենեզի համատեքստում: «Թիվը ծագել է ավելի վաղ, քան լեզուն, և թվի պատկերումները կատալիզատորի դեր են խաղացել գրի վաղ ծագման ձևերի, պատկերագրերի վրա»,- ընդգծեց Հայկունի Հայրապետյանը: Բանախոսը հավանական համարեց, որ թվի ծագման վերաբերյալ հայտնի տեսությունները /պրագմատիկ, կոնցեպտային, ծիսակատարային/ լավ են կորելացվում թվագենեզի հետ, բայց առաջնությունը պետք է տալ կոնցեպտայինին:
Վերջին զեկույցով հանդես եկավ Մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս Արմեն Հայրապետյանը: Նա ներկայացրեց «Փոխակերպվող տրամաբանության կանոնները» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձավ, որ եթե տրամաբանությունը` որպես գիտություն, ունի մեծ պատմություն, ապա փոխակերպական տրամաբանությունը` որպես տրամաբանական գիտություն, դեռևս նոր է, և շատ քչերն են զբաղվել վերջինիս ուսումնասիրությամբ:
«Փոխակերպական տրամաբանությունը տրամաբանական գիտությունն է, որը մշակում է ուսմունք /կանոնների համակարգ/ մտքի բացահայտ ձևերի /կառուցվածքների/ հիման վրա համապատասխան ոչ բացահայտ ձևեր հայտնաբերելու մասին: Այդ խնդիրները կարևոր է և' տրամաբանական գիտության, և' լեզվի տրամաբանական տեսության զարգացման, և' հարակից մի շարք գիտությունների հրատապ հարցերի լուծման համար»,- ավելացրեց զեկուցողը:
Յուրաքաչյուր զեկուցման ընթացքում ներկաներն ակտիվ հարցեր էին տալիս. համաձայնվում կամ հակառակվում, փորձում պնդել իրենց տեսակետներ, արտահայտել կարծիքներ քննարկվող թեմանների և հարցերի շուրջ:
Վերջում մասնաճյուղի համաղեկավար Ռոբերտ Ջիջյանն ամփոփեց կատարված աշխատանքները. «Բոլոր զեկուցումներն էլ հետաքրքիր էին, դրանց աշխույժ քննարկումից հետո առաջացան բազմաթիվ հարցեր, որոնք խորհելու տեղիք են տալիս և հիմք կհանդիսանան հետագա հետազոտությունների համար: Նման գիտաժողովները լավագույն հնարավորություն են տալիս բոլորիս` մասնավորապես ուսանողներին, կենդանի շփվել մեծ գիտնականների և փիլիսոփաների հետ: Նրանց հետ շփումը ես համարում եմ կյանքի մեծագույն հաջողությունը»,- ասաց ակադեմիկոս Ջիջյանը: