
Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցում էին հայաստանյան առաջատար մի շարք բուհեր, այդ թվում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:
ՀՀ Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված տոնավաճառն անցկացվեց դեռևս 2014 թվականի մայիսին մի շարք բուհերի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև ԵՊՀ-ում ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն. ամեն տարի բուհերից մեկը գործընկեր բուհերի ուսանողների համար կազմակերպելու է աշխատանքի տոնավաճառ:
Միջբուհական տոնավաճառի մասնակից բոլոր ընկերությունները իրենց տաղավարներում ներկայացրել էին սեփական գործունեության, առաջարկվող աշխատատեղերին, պրակտիկաներին, ինթերշիփերին, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող տեղեկատվություն:

Մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետների գործընկեր կազմակերպություններից տոնավաճառին ներկայացված էին 14-ը:
ՀՊՄՀ Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանի դիտարկմամբ՝ սա ուսանողների համար աշխատանք գտնելու լավագույն հնարավորություններից է. սեփական տվյալները թողնելուց զատ, նրանք հենց տեղում կարող են ծանոթանալ թափուր աշխատատատեղերին և ակտիվ կապ հաստատել 105 գործատու կազմակերպությունների հետ.« Մեր վարչության ջանքերով կստեղծվի նաև ընդհանուր բազա, որի միջոցով հնարավոր կլինի այդ տեղեկատվությունը փոխանցել գործատուին»:
Միջբուհական աշխատանքի տոնավաճառին ներկա ՀՊՄՀ ֆակուլտետների ներկայացուցիչները, կարևորելով նախաձեռնության իրականացումը, նկատեցին՝ այն անպայմանորեն կնպաստի աշխատաշուկայի վերաբերյալ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը:

Ի դեպ, գործատուների հետ համագործակցության արդյունքում արդենիսկ գրանցվել են դեպքեր, երբ լուծվել է ուսանողի զբաղվածության խնդիրը:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլաննա Հովակիմյանը նկատեց՝ տոնավաճառում իրենց մասնագիտացմամբ ներկայացված կազմակերպությունները ֆակուլտետի լավագույն գործընկերներն են, որոնց ներկայությունը տոնավաճառում կնպաստի հատկապես քիչ պահաջարկ ունեցող մասնագետների աշխատանքի խնդրի լուծմանը:
Նշենք, որ «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառի շրջանակներում անցկացվեց «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով հանրապետական կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին պետական մարմինների ներկայացուցիչներ, ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար միությունների պատասխանատու անձինք, փորձագետներ:
