ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը
28.11.2014
Բացվեց Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը

«Ծնվել եմ 1949 թվականի դեկտեմբերի 2-ին՝ նկարիչ»,-իր ինքնակենսագրության մեջ այսպես է գրել Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ում անհատական ցուցահանդեսն այսօր բացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում:

 

Ցուցադրության էին ներկայացված նկարչի շուրջ 50 տարվա 120-ից ավելի աշխատանքները՝ բնապատկեր, դիմանկար, նատյուրմորտ, թեմատիկ կոմպոզիցիաներ, պաստելով կատարված աշխատանքներ, գծանկարներ, որոնք նա նվիրում է հայրենիքին:

Գեղանկարիչը գոհ է ստացած կրթությունից. պրոֆեսիոնալ դպրոցը՝ Սանկտ Պետերբուրգի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան, նրան տվել է առաջին հերթին ստեղծագործելու ազատություն. «Ես միշտ ոգևորվել եմ իմ միջավայրով՝ բնություն, ընկերներ, կանայք. այն, ինչ ստեղծված է աստվածային ուժով, սակայն վստահ եմ՝ առանց փիլիսոփայություն, պատմություն, պոեզիա և համաշխարհային արվեստ ուսումնասիրելու, նկարիչը չի կարող ստեղծագործել»:

 

Անդրադառնալով ՀՊՄՀ-ում ապագա նկարիչ-մանկավարժներ կրթելուն՝ Փարավոն Միրզոյանը վստահեցրեց, որ աշխատում է ուսանողների հետ և նրանց մեջ ձգտում փոխանցել ինչ կարող է, և ուրախանում է՝ երիտասարդների մեջ նկատելով լավ նկարիչներ:

 

Ցուցադրությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, նկարչի գործընկերները, արվեստասերներ:

 

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ Փարավոն Միրզոյանի գեղանկարչությունը նկարագրեց որպես առաջին հայացքից պարզ, սակայն խորքում մեծ փիլիսոփայություն ունեցող աշխարհ. «Նրա արվեստանոց մտնելիս՝ փոխվում է մարդու տրամադրությունը, և հայտնվում ենք երազների աշխարհում՝ Փարավոն Միրզոյանի աշխարհում, նրա աչքերով տեսնում ամենագեղեցիկն ու կատարյալը»:

 

«Յուրաքանչյուր արվեստագետ տարբերվում է ոչ միայն իր ստեղծագործուններով, այլև վաղվա օրվան նայելու հայացքով: Փարավոն Միրզոյանը համակ խիղճ է, երբեմն ճակատային և առավել ուղղախոս. մեր օրերում նման մարդիկ սակավաթիվ են»,-նկարչին այսպես ներկայացրեց գրող, թարգմանիչ Հովիկ Հովեյանը՝ հավելելով, որ քիչ գույներով և գունափիլիսոփայությամբ նա ստեղծել է ծիածանագույն ստեղծագործություններ:

 

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը նույնպես տպավորված է. Փարավոն Միրզոյանի 21-րդ դարում ստեղծված աշխատանքները նա նմանեցնում է այս ու այն կողմ բախվող հզոր ալիքի: Ֆակուլտետի դեկանը վստահ է՝ վարպետի յուրաքանչյուր գիտելիք մեծ արժեք է ապագա մանկավարժ-նկարիչների համար: