Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովի երկրորդ օրվա աշխատանքները շարունակվեցին ՀՊՄՀ-ում

առանձին մասնաճյուղերով:
Փիլիսոփայության և տրամաբանության ոլորտում 1-ին մանաճյուղի 2-րդ օրվա զեկուցումները նույնպես վերաբերում էին հասարակության համակարգի փոխակերպման առանձնահատկություններին:
Մասնաճյուղի համաղեկավարներն էին Կոպենհագենի /Դանիա/ Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի /FISP/ նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպը և ԵՊՀ-ի տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, ՀՀ հանրային խորհրդի «Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի» հանձնաժողովի նախագահ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանն` իր`«Ոչ պատերազմի, ոչ խաղաղության հասարակությունը» որպես փոխակերպվող հասարակության տարատեսակ» թեմայով զեկուցման մեջ սոցիալական համերաշխության հիմքը համարում է վստահությունը, իսկ դրա բացակայությունը` վտանգ պետության համար:
«Փոխակերպվող հասարակությունը և մարդկային զարգացման նոր միտումները» թեմայով հաջորդը զեկուցեց ՀՊՄՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Միհրան Խաչատրյանը: Զեկուցման ընթացքում քննարկվեցին անցումային հասարակությունում տեղի ունեցող մարդկային զարգացման նոր միտումներն ու երաշխիքները, մարդու ինքնահաստատման դժվարություններն ու մարդու հոգևոր ներուժի զարգացման առանձնահատկությունները:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Գևորգյանը հանդես եկավ «Միջմշակութային երկխոսության առանձնահատկություններն ազգային ինքնագիտակցության համատեքստում» զեկույցով:
Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգոր Ասատրյանը «Հասարակական փոխակերպումների հումանիստական չափումը» զեկույցում ներկայացրեց արդի հումանիզմի առանձնահատկությունները` այն կապելով աշխարհում ինտենսիվորեն ընթացող սոցիալ-քաղաքական փոխակերպումների հետ:
«Հումանիզմը և հասարակության բարեշրջումը Մ. Մամուրյանի պատմափիլիսոփայական հայացքներում» թեմայով զեկուցեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ «ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր Ալբերտ Խառատյանը:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիալագիայի և և իրավունքի ինստիտուտի հայցորդ Աստղիկ Պետրոսյանը «Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության գործընթացը ՀՀ-ում և հասարակական կարծրատիպերի դինամիկան» թեմայով զեկույցում կարևորեց սոցիալական տարբեր խավերի և շերտերի լիարժեք մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին և կարևոր որոշումների ընդունմանը:
ՀՊՄՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Անահիտ Թելունցի` «Սուբյեկտի դերը անցումային հասարակությունում» զեկուցման նպատակն էր լուսաբանել արդի հարափոփոխ աշխարհում անհատի ձևավորման և զարգացման հարցերը:
Հաջորդ` «Հասարակության փոխակերպումը Ռուսաստանում առաջին աշխարհամարտի տարիներին» թեման զեկուցեց ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Տիգրան Խաչատրյանը: Նորագույն հետազոտողները, նորահայտ և հրապարակված արխիվային նյութերը վկայում են, որ բոլշևիկների հաջողությունների և ցարիզմի տապալման մեջ մեծ դեր է խաղացել տվյալ ժամանակի մամուլը, որի ամենօրյա քարոզչության արդյունքում հասարակությունը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:
1930-ական թվականների հայկական սփյուռքի գաղափարական փոխակերպման առանձնահատկությունները իր զեկույցում ներկայացրեց ՀՊՄՀ ընդհանուր մանկավարժության ամբիոնի ասպիրանտ Լևոն Նազարյանը, իսկ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոս Մարիամ Մաթևոսյանը իր` «Ազգայնականության փոխակերպումը հայ իրականության մեջ» զեկույցում ընդգծեց, որ հետխորհրդային Հայաստանի սոցիոմշակութային և քաղաքական փոխակերպումների համատեքստում զգալի է հայկական ազգայնականությանը վերաբերող հետազոտությունների պակասը:
2008 թվականին կնքված Արևելյան գործընկերության համատեքստում ՀՀ հեռանկարները ներկայացրեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի մագիստրոս Տիգրան Գրիգորյանը, իսկ ՀՊՄՀ Կրթության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Օլյա Հովհաննիսյանը զեկուցեց «Երիտասարդների արժեքային կողմնորոշումների փոփոխությունները ՀՀ-ում» թեմայով: Յուրաքանչյուր զեկուցման ավարտից հետո մասնակիցներն ունեին զեկուցողին հարցեր տալու հնարավորություն: