Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կնքեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի համաձայն՝ կողմերը ՀՊՄՀ «Համալսարան-Գործատու համագործակցության կենտրոն»-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունեն փոխադարձության սկզբունքով աջակցել միմյանց և պատրաստ են փոխշահավետ ծրագրերի իրականացման եղանակներով համագործակցել ՀՊՄՀ ուսանողների, մագիստրոսների, շրջանավարտների, ասպիրանտների, հայցորդների աշխատանքային և մասնագիտական առաջընթացի համար:
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բնականոն համարելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, ընգծեց՝ Մանկավարժականը, տարիներ ի վեր գտնվելով քաղաքամայր Երևանում, իր որոշակի լուման է ունեցել մայրաքաղաքի կրթության, մշակույթի զարգացման գործում:

Ռեկտորը նկատեց՝ համաձայնագրում ներառված են աշխատանքների կոնկրետ ուղղություններ, որոնք ենթադրում են բուհի լավագույն շրջանավարտների աշխատանքային գործունեության կազմակերպումը մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում.ի վերջո, ՀՊՄՀ-ն նույնպես որոշակի մոնոպոլ իրավունք ունի բարձրորակ կադրերի բարձրացման գործում.«Հարգելի քաղաքապետ, խորապես շնորհակալ ենք Ձեր ներկայության ու այսօր կնքված համաձայնագրի համար. այն չափազանց պարտավորեցնող է և ենթադրում է համատեղ արդյունավետ աշխատանք: Ինչպես նկատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, այն ենթադրում է լուրջ քննարկումներ և կատարած աշխատանքի պարբերական ամփոփում»:
ՀՊՄՀ ռեկտորը բուհի բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով պարգևատրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Գայանե Սողոմոնյանին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրթամշակութային մեծ ձեռքբերում համարեց մանկավարժական մայր բուհի հետ համագործակցությունը՝ նկատելով, որ այստեղի կադրերն ու պրակտիկաների անցկացումը քաղաքապետարանում և իր ենթակայության ներքո գտնվող կառույցներում, հնարավորություն կտա ստեղծել մի թիմ, որը մայրաքաղաքը ըստ արժանվույն կներկայացնի ամբողջ աշխարհին:
Տարոն Մարգարյանը պարտավորեցնող համարեց իրեն շնորհված մեդալն ու համաձայնեց՝ երկուստեք կատարած աշխատանքը հետևողականություն և տարեկան պարտադիր ամփոփում է պահանջում:
Երևանի քաղաքապետը կրթության և գիտության ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, Երևան քաղաքի հանրային կյանքում նշանակալի վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրեց ՀՊՄՀ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրեֆոսր Աիդա Թոփուզյանին և Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի հյուրերին դիմավորեցին Մանկավարժական համալսարանի փողային նվագախումբն ու Պարային համաույթը: Հյուրերը շրջեցին բուհում, եղան Գիտական գրադարանում, շախմատի նորաբաց լաբորատորիայում, թանգարանում, ինչպես նաև Առաջին համալսարանական ռադիոյում:





