ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի նիստում
31.03.2015

Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպումը ՀՊՄՀ-ում

 

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացած Գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգային առաջին հարցը բուհում գիտական աշխատանքների դրվածքի և հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի վերաբերյալ էր: Ոսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր զեկույցում ընդգծեց, որ հատկապես ներկայումս, երբ հետազոտական համալսարանները համարվում են լավագույն կրթություն ապահովող հաստատություններ, Մանկավարժականում ընդգծվում է գիտահետազոտական աշխատանքների դերն ու նշանակությունը:

 

Պրոռեկտորը մանրամասն ներկայացրեց հատկապես Գիտահետազոտական կենտրոնի գործունեությունն ինչպես տարբեր գիտական ծրագրերի մրցույթներին բուհի դասախոսական կազմի ակտիվ մասնակցություն նախապատրաստելու և կազմակերպելու, այնպես էլ գիտանականներին հրատարակվելու հնարավորություններ ստեղծելու, արդյունավետ գիտական աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից:

 

«Նախատեսվում է նպաստել ասպիրանտուրայի ծրագրային բազմազանեցմանը, խթանել ատենախոսական հետազոտությունների կիրառական-նորարարական կողմնորոշումը, ասպիրանտների համար ստեղծել հետազոտությունների նպաստավոր պայմաններ և հետազոտական կարիերայի հնարավորություններ բուհի ներսում և դրսում»,- խոսելով անելիքներից՝ հստակեցրեց Սրբուհի Գևորգյանն ու հավելեց, որ հեռանկարային նպատակներ կան նաև համալսարանի պատմության թանգարանի հետ կապված՝ նախատեսելով գիտական ուսումնասիրության ուղղություն համարել մանկավարժական կրթության պատմությունը և այն ներառել գիտահետազոտական ուսումնասիրությունների թեմաներում:

 

Անդրադառնալով պրոֆեսորադասախոսական անձնակազմի հրատարակություններին՝ պրոռեկտորը նախ ներկայացրեց 2013-2014թթ. տպագրված հոդվածների վիճակագրությունն ըստ ամբիոնների՝ նշելով, որ 138 աշխատանքից 100-ը տեղ են գտել գիտական հղումների ռուսաստանյան ցուցիչում (РИНЦ), իսկ 38-ը` միջազգային պարբերականներում կամ գիտաժողովներում, որոնք ներգրավված են Web of science, Web of knoweladge, Scopus, British library և այլ հեղինակավոր շտեմարաններում:

 

Ռեկտորը նկատեց՝ ուսումնական հաստատության որակը որոշվում է դասավանդողների թվով, իսկ գիտնականը միայն կոչումը չէ, այլ այն, թե որքանով է նա համապատասխանում գիտության ժամանակակից պահանջներին:

 

«Բնական է, որ միջազգային պարբերականներում տպագրվելու փորձերը կարող են անհաջող լինել, սակայն անհասկանալի է՝ որոշ ամբիոնների կողմից ոչ մի փորձ չի արվում. նրանք բավարարվում են չակերտավոր հաջողություններով»,-նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ 2015 թվականի առաջին երեք ամիսների հուսադրող տվյալները կլինեն շարունակական. բուհը գնալով ընդլայնում է միջազգային կապերը և պետք է համահունչ լինել այդ տեմպերին:

 

 

«Ուսխորհրդական»հաշվետվություն. ներկայացնում է կառույցի ղեկավարը

 

Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց 2014-2015 ուսումնական տարում ինքնակառավարվող մարմնի գործունեությունը, իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնց կենտրոնում ուսանողների, ասպիրանտների և հայցորդների իրավունքների և շահերի պաշտպանությունն է:

 

Սոցիալական, սպորտային, բնապահպանական, մշակութային և հոգևոր բնույթի միջոցառումներ, համահայկական, միջբուհական և միջազգային ծրագրեր, որոնց շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ տրամադրվել են կրթաթոշակներ, դրամական օգնություններ, ինչպես նաև կազմակերպվել է այցեր մանկատներ, հատուկ դպրոցներ, ուսանողների հանգիստն Աղավնաձորում և Ծաղկաձորում:

Ուսանողների համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերից կառույցի ղեկավարը հատկապես կարևորեց արդեն երկրորդ տարին օտար լեզուների ֆակուլտետի ուսանողական խորհրդում գործող «Speaking Club» ակումբի գործունեությունը, որն իրականացնում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուների անվճար ուսուցում. ներկայումս ծրագրին մասնակցում է մոտ 200 ուսանող, դասընթացների ավարտին ուսանողներին տրվում են հավաստագրեր:

 

ՈւԽ նախագահը հաշվետվության ընթացքում անդրադարձավ նաև հետագա անելիքներին:

 

«Ուսանողական խորհուրդն ու պրոֆեսորադասախոսական կազմը լուրջ անելիքներ ունի ուսանողների շրջանում մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու գործում. նկատելի է՝ ձեռնարկների մասնակիցների հիմնական մասը նույնն է, ուսանողության մեծ մասը պասիվ է, ինչն անթույլատրելի է ուսումնառության 4-6 տարիների ընթացքում»,-նկատեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց, որ ձգտելու են տարեցտարի ավելացնել «Ամառային դպրոց»-ի մասնակիցների թիվը:

 

 

Ընթացիկ հարցեր

Ավանդույթի համաձայն՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախ շնորհավորեց ամսվա հոբելյարներին, ապա պրոֆեսորի 2 և դոցենտի 5 գիտական կոչում շնորհեց ներկայացված թեկնածուներին:

 

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց 4 թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու երաշխավորեց տպագրության ներկայացված ձեռնարկները, ինչպես նաև խորհրդի որոշմամբ «Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և դրանց դասավանդման մեթոդիկայի» ամբիոնը վերանվանվեց «Տեխնոլոգիական կրթության»:

 

Փակ քվեարկությամբ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնում վերընտրվեց արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արա Հակոբյանը, Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը, իսկ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝ պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը:

 

Գիտական խորհրդի անդամների փակ քվեարկության արդյունքում գիտական կոչումների ներկայացված թեկնածուներ քաղաքագիտության դոկտոր, դոցենտ Լևոն Շիրինյանն ու իրավաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Հակոբյանն ընտրվեցին պրոֆեսորի և դոցենտի պաշտոններում: