ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա հեռուստալրագրողները Օձունում
23.04.2012
Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժնի երկրորդ կուրսի ուսանողներս գործնական աշխատանք կատարելու նպատակով հաճախ ենք գնում քաղաքից դուրս` Հայաստանի տարբեր բնակավայրեր:
Հերթական ուղևորությունը դեպի Օձուն գյուղ էր, Լոռվա գողտրիկ անկյուններից մեկը, որը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով`եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, կոթողներ, մահարձաններ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարապետության նմուշներ:
Դրանցից ամենահայտնին Օձունի վանքն է: Մեր ուղևորությունը համընկավ Զատկի տոնի հետ` մասնակցեցինք մատուցված Սուրբ պատարագին, հաղորդություն ստացանք, իսկ Եսայի քահանան ներկայացրեց վանքի ու գյուղի բազմադարյա լեգենդներով ու ավանդություններով հարուստ պատմությունը:
Եղանք նաև Արդվինում, որը նույնպես ունի դարերի խորքից եկող պատմություն ու այստեղ է գտնվում հայտնի «Օձիպորտ» աղբյուրը, Արդվինում է հանգչում Հովհան Գ Օձնեցի կաթողիկոսի աճյունը, ով կյանքի վերջին տարիներին նստավայր էր ընտրել իր ծննդավայրը, իսկ մահից հետո նրա գերեզմանը դարձել է սրբատեղի և ուխտագնացության վայր:
Արդվեցիները ակնածանքով պատմում էին տարատեսակ լեգենդներ ու պատմություններ, իսկ մենք լրագրողական հետաքրքրասիրությամբ շրջապատելով նրանց գրի էինք առնում լսածներս: Այսպիսին էր մեր հերթական լրագրողական ուղեվորությունը, և Օձունը դարձավ` դարերի խորքից եկող ավանդություններով ու լեգենդներով լեցուն լուսանկարչական նոր ալբոմ: