Նուբարաշենի զորամասի 65 զինծառայող իրենց հերթական դասընթացն անցկացրին Հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքում:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Մանկավարժական համալսարանը, միջբուհական կոնսորցիումի բուհերի հետ համատեղ, ձեռնամուխ է եղել ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագրի իրականացմանը:
Ծրագիրն իրականացվում է հանրապետության երկու` Արարատի և Նուբարաշենի զորամասերում:
Ապրիլի 21-ի դասացուցակում ընդգրկված 8 առարկաներից դասախոսություն կարդացին բուհի լավագույն դասախոսներն ու ծրագրի շրջանակում կամավոր սկզբունքով աշխատող մագիստրոսներն ու ասպիրանտները:
«Ամիսներ շարունակվող դասապրոցեսն ակտիվացնելու լուրջ անհրաժեշտություն էր առաջացել: Այդ առումով խոչընդոտ էր զորամասերում համապատասխան նորագույն տեխնոլոգիաների բացակայությունը: Զորամասի հրամանատարության խնդրանքով ապագա ուսանողներին ուսուցման ժամանակակից մեթոդներին ծանոթացնելու և այդ բացը լրացնելու համար կազմակերպվեց նրանց այցը մանկավարժական համալսարան»,- ասաց հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը:

Դասապրոցեսի ավարտից հետո զինվորները համալսարանի Հումանիտար ընթերցանության գրադարանում ծանոթացան մասնագիտական ու գեղարվեստական գրականության նմուշներին:
Ապագայում նույն ծրագրի շրջանակում բուհը կհյուրընկալի Արարատի զորամասի զինծառայողներին:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է ուսման ձգտում ունեցող զինծառայողներին ծառայության վերջին ամիսների ընթացքում նախատրաստել ՀՀ բուհերում, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար: