Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի սոցիալական հանձնաժողովն ու բանավեճի ակումբը կազմակերպել էր «Արհեստական հեռացու՞մ, թե մանկատուն» խորագիրը

կրող սոցիալական բնույթի բանավեճ-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի և Հատուկ կրթության ֆակուլտետները, որոնց նպատակն էր ուսանողներին իրազեկել հղիության արհեստական ընդհատման և երեխաներին մանկատուն տանելու ֆիզիկական ու բարոյահոգեբանական բացասական հետևանքները:
Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներն իրենց խոսքում ներկայացրին պտղի արհեստական հեռացման ընդհանուր բնութագիրը, պատճառները, վիճակագրական տվյալները, բացասական հետևանքները:
Հատուկ հոգեբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Անուշ Ալեքսանյանը կարծում է, որ պտղի արհեստական հեռացման դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կանայք չեն գիտակցում դրա վատ հետևանքները և պատասխանատվություն չեն կրում իրենց այդ քայլի համար: «Հղիության ընդհատման պատճառները տարբեր են` ավանդապաշտություն, անիրազեկվածություն, սոցիալական ամենատարբեր պատճառներ, բայց ամենից ցավալին այն է, որ հղիությունն ընդհատում են`իմանալով երեխայի իգական սեռը»,-ավելացրեց Անուշ Ալեքսանյանը::
Նույն կուրսի ուսանողուհի Նանար Ավետիսյանն էլ ներկայացրեց հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ եկեղեցու վերաբերմունքը. «Այն եղել է բոլոր ժամանակներում, և եկեղեցին միշտ էլ մեղք է համարել ինչպես պտղի հեռացումը, այնպես էլ երեխա չունենալու համար պաշտպանվելը: Մարդիկ կորցրել են վախն Աստծուց»:
Այս խումբը տեղեկացրեց ներկաներին, որ «Մարդու վերարտադրողական առողջության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` առաջին հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո կանանց տրվում է անվճար հոգեբանական և բուժական օգնություն:
Ամփոփելով իր խոսքը` Հատուկ կրթության ֆակուլտետի խումբն առաջարկեց անցանկալի հղիությունից խուսափել ժամանակակից անվտանգ հակաբեղմնավորիչների միջոցով:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի խումբը անդրադարձավ առավել խոցելի խմբին` մանկատան երեխաներին:
Տարեցտարի ավելանում է ծնողական խնամքից զրկված երեխաների թիվը: Ուսումնասիրելով մանկատան երեխաների հոգեբանամանկավարժական բնութագիրը` նրանք պարզել են, որ մանկատան սաների մեծ մասն ունի որոշակի ֆիզիկական և հոգեկան խանգարումներ`մտավոր հետամնացություն, սեռական նույնացման խանգարում, հարբեցողություն և զանցանքների հակում:

Ուստի, կարևորվում է երեխայի կենցաղը, լիարժեք և առողջարար սնունդը, շփման և հաղորդակցման հնարավորությունների ստեղծումը:
Այդ տեսակետից ուսանողներն ընդգծեցին հատկապես մանկատան երեխաների` հասարակության հետ հաղորդակցվելու դժվարությունները` ագրեսիվություն, ինքնամփոփվածություն և նյարդային լարվածություն:
Անընդունելի համարելով պտղի արհեստական հեռացումն ու երեխային մանկատուն հանձնելու տարբերակները` խմբի մասնկիցները հանգեցին այն մտքին, որ յուրաքանչյուր ծնող պետք է լինի իրազեկված, պատասխանատու իր քայլերի համար, և հասկանա, որ երեխան Աստծո պարգև է, չպետք է դեռ չծնված սպանել նրան կամ հանձնել մանկատուն:
Բանավեճին ներկա էին մասնակից ֆակուլտետների դեկաններ հոգեբանական գիտությունների դոկտո, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամենուհի Ավագյանը և «Մարի Իզմիրյան» մանկատան տնօրեն, Մանկավարժական համալսարանի դասախոս Հասմիկ Մկրտչյանը:
Բանավեճ-քննարկման ավարտին հանդիսատեսը խմբերին ուղղեց թեմային առնչվող հարցեր: