Ազգայինը պահպանելու և հայրենասիրական գաղափարներ սերմանելու համար Հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետում հաճախ են
կազմակերպվում հանդիպումներ տարբեր քաղաքակրթություններից եկած հայ մտավորականների հետ: Այդպիսի հանդիպումների շնորհիվ ընդլայնվում է ուսանողների մտահորիզոնը` ստիպելով նրանց մտածել իրենց գործունեության նոր հնարավորությունների մասին:
Սփյուռքահայ մտավորականների հետ հանդիպումների շրջանակում այս անգամ Բանասիրական ֆակուլտետի ուսանողներ հյուրընկալել էին ամերիկահայ բանասեր, հրատարակիչ, սփյուռքահայ գրականության առաջնորդ Հովսեփ Նալբանդյանին: Վերջինս սերտորեն համագործակցում է Մանկավարժական համալսարանի և «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հետ:
Հանդիպման ողջ ընթացքում նա ուսանողների հետ արևմտահայերենով քննարկեց սփյուռքի կրթական հիմնախնդիրները: Սկզբում Հովսեփ Նալբանդյանը հանգամանորեն խոսեց Սփյուռքի տարբեր հայաշատ համայնքներում հայկական դպրոցների ազգապահպան նշանակության և դրանց սակավաթիվ լինելու մասին: Ապա ներկայացրեց մի շարք գաղթօջախներում հայկական դպրոցների քանակը, ընդգծեց դրանց վերաբացման անհրաժեշտությունն և ցավով նկատեց բացակայող միջոցների փաստը:
Մայրենի լեզվի պահպանման գործում Հովսեփ Նալբանդյանը շատ է կարևորում գաղթօջախներում հայկական դպրոցների առկայությունը: «Մեր ազգային խնդիրներից ամենամեծը լեզվի և մտածողության զարգացման խնդիրն է: Անհրաժեշտ է ստեղծել միասնական այնպիսի մարմին, որը վստահություն կներշնչի բոլոր հայկական գաղութներում և կկարողանա լուծել ազգային լուրջ խնդիրներ»,-ավելացրեց Հովսեփ Նալբանդյանը:
Անդրադառնալով հայկական գաղթօջախների ակտիվությանը` նա նշեց, որ դեռ 20 տարի առաջ առաջատար են համարվում Բեյրութի և Հալեպի հայկական համայնքները, չնայած որ այնտեղ էլ նկատվում է հայկական դպրոցների թվի նվազում:

Հանդիպմանը ներկա «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի համար այս հանդիպումը էականորեն տարբերվում էր մյուսներից, քանի որ Նալբանդյանն իր հակվածությամբ ուղղված է դեպի Սփյուռքի կրթական ծրագիրը, գրահրատարակչությունը, գիրքը և մարդը: «Այն երկխուսությունը, որ Նալբանդյանը ստեղծել է իր և «Հովսեփ և Կարոլին Նալբանդյան» հիմնադրամի շնորհիվ, հատում է և´ բարերարության, և´ կրթական դաշտում գործնական մղումների ճանապարհը:
Նա ամեն ինչ անում է, որ սփյուռքում գրքերը գտնեն իրենց հասցեատերերին: Հովսեփ Նալբանյանի առաքելությունը բխում է մեր գրագիտության արմատական շահերից, իսկ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հետ նրա համագործակցությունը ցույց է տալիս նույն մտահոգություններով ապրող երկու աշխարհների մասին »,-ավելացրեց Սուրեն Դանիելյանը:
Սփյուռքահայ հրատարակչի հետ հանդիպումից տպավորված էին նաև ուսանողները: Մինչ հանդիպումը 2-րդ կուրսի ուսանողուհի Վանուհի Բահրամյանի պատկերացումները Սփյուռքի մասին կարծես փակ վարագույրի հետևում լինեին. «Սփյուռքի մասին հիմնականում տեղեկանում ենք սոցիալական ցանցերի միջոցով`չզգալով, որ այնտեղ իսկապես կորսվում են հայկական արժեքները: Այս հանդիպումը մեզ համար նաև ուսանելի էր, քանի որ մեզանից յուրաքնչյուրը ցանկացած պահի կարող է հայտնվել վտանգված հայի կարգավիճակում»:
Հանդիպման ավարտին ուսանողները Հովսեփ Նալբանդյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և խորին երախտագիտություն հայտնեցին սփյուռքահայ գրականության բազմաթիվ գրքերի հրատարակման համար: