ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
19.05.2015

ՀՊՄՀ ուսանողների ուսումնագիտական աշխատանքների մասին

 

«Ներկայիս բուհական բարեփոխումների համատեքստում մեծ ուշադրություն է դարձվում գիտահետազոտական բաղադրիչին.գիտության գործնական սկզբունքներին սովորողները ծանոթանում են բակալավրիատում, սակայն մագիստրատուրայում այն ստանում է պրակտիկ կիրառություն՝ կապված մագիստրոսական թեզի իրականացման հետ»,-այսօր կայացած ՀՊՄՀ գիտական խորհրդի հերթական նիստում նշեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

 

Պրոռեկտորն ընդգծեց, որ նախորդ տարի աշխատանքներ էին տարվել հետազոտական գործընթացն առավել բարելավելու ուղղությամբ՝ մեծ դեր և նշանակություն տալով հատկապես թեմաների ընտրությանը, կատարման ժամանակահատվածին, գիտական ղեկավարի ընտրությանը. այսօր արձանագրվել է մեծ առաջընթաց. «Գիտահետազոտական աշխատանքները բարելավելու նպատակով իրականացվել են չափելիության և որակի հետ առնչվող փոփոխություններ. ստեղծվել է մագիստրոսի կրթական ծրագրով իրականացվող հետազոտական աշխատանքների կարգ, մշակվել և ներկայացվել է ավարտական գիտական թեզի արժևորման և գնահատման, ավարտաճառերի պաշտպանության երաշխավորման կարծիքի հատուկ ձևաչափեր, ֆակուլտետներում ստեղծվել է մագիստրոսական թեզերի խորագրերի բազա, որը մշտապես արդիականացվում է. որոշվել է մագիստրոսների հետազոտական աշխատանքների ատեստավորումն իրականացնել յուրաքանչյուր կիսամյակում` համաձայն վերոնշյալ կարգի և այլն»,- հավելեց Սրբուհի Գևորգյանը:

 

Վերջինս կարևորեց, որ մագիստրոսական աշխատանքի պատրաստման և պաշտպանության գործընթացում մագիստրոսը ցուցաբերի ինքնուրույն ստեղծագործական մտածելակերպ, աշխատանքի ընթացքում կատարվող հետազոտությունների, մեթոդների և մեթոդիկաների տիրապետում և ինքնուրույն հիմնավորում, գործնական և գիտական գործունեության մեջ ստացված արդյունքների օգտագործման հնարավորությունները գնահատելու կարողություն և այլն.«ՀՊՄՀ-ի և արտասահմանյան առաջավոր բուհերի հետ համագործակցության պայմանագրերը տարեցտարի ավելանում են և որակական առումով բարելավվում: Առկա են թվով 29 այդպիսի համագործակցային պայմանագրեր, ուշադրության են արժանի ուսանողների փոխանակման ծրագրերը՝ հետազոտական աշխատանքի նպատակով համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծումը, գիտնականների փոխայցելությունները, որոնք նոր որակ և իմաստ կհաղորդեն ուսանողների կատարած գիտահետազոտական աշխատանքներին»:

 

Սրբուհի Գևորգյանը մանրամասն ներկայացրեց նաև գիտության ոլորտում բուհի 10 ֆակուլտետների կատարած աշխատանքները:

 

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց հետազոտական համալսարանների նշանակությունը, ապա նկատեց՝ բուհում գիտահետազոտական աշխատանքները նոր որակ են ձեռք բերում, սակայն բավարարվել եղածով չարժե: Նա հորդորեց համագործակցել մագիստրոսների հետ, ոգևորել, օգնել նրանց՝ հետազոտական աշխատանքներում:

 

Բուհի միջազգայնացման մասին

 

Համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերի և միջազգայնացմանն ուղղված գործընթացի մասին զեկուցեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը:

 

Վերջինս ընդգծեց՝ ՀՊՄՀ-ի միջազգայնացման նպատակն է համագործակցության արդյունքում բարելավել կրթական ծառայությունների և հետազոտության որակը, ազգային և միջազգային մակարդակներում խթանել համալսարանի մրցունակությունը, ստեղծել միջմշակութային երկխոսության նպաստավոր միջավայր, ապահովել համալսարանի շրջանավարտների պահանջարկվածությունը և մրցունակությունը ազգային և միջազգային մակարդակներում:

 

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը ներկայացրեց նաև ՀՊՄՀ-ի միջազգայնացման իրավական և ռազմավարական հենքը, անդամակցությունը, համագործակցային շրջանակը, տարբեր երկրների հետ համագործակցային պայմանագրերը, անձնակազմի շարժունության քանակը ՏԵՄՊՈՒՍ ծրագրերի շրջանակներում, արտասահմանյան միջոցառումներին մասնակցած ՀՊՄՀ-ի ուսանողների թիվը, ընթացիկ տարում կատարված և ապագայում նախատեսվող աշխատանքները:

 

Գիտական խորհուրդը ընդունեց համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը և միջազգայնացման ուղղությունները.ֆակուլտետների դեկաններին հանձարարվեց երկշաբաթյա ժամկետում համալսարանի ռեկտորին ներկայացնել ֆակուլտետի միջազգայնացման գործողությունների 2015-2016 թթ. ուսումանական ծրագիր:

 

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց՝ ՀՊՄՀ-ն միջազգային կրթական կառույց դարձնելը դժվար է, բայց հնարավոր՝ համատեղ աշխատանքի և ուսանողների բարձր առաջադիմության շնորհիվ:

 

Ընթացիկ հարցեր

 

Գիտական խորհրդում անդրադարձ եղավ նաև «Ազգային երգ ու պար» ծրագրին. ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը ողջունեց ՀՀ ԿԳՆ-ի որոշումը` սկզբում հանրակրթական 13 դպրոցներում որպես փորձարարական ծրագիր, իսկ հետո՝ պարտադիր «Ազգային երգ ու պար» առարկայի ներառումը ուսումնառության մեջ:

Առաջարկվեց դասապրոցեսում նախատեսվող ժամաքանակով «Ազգային երգ ու պար» առարկան անցնել նաև ֆակուլտատիվ պարապմունքների ընթացքում՝ բաժանելով այն 2 փուլի՝ «Ազգային պար» և «Ազգային երգ»:

 

Որոշվեց «Ազգային երգ ու պար» առարկան ներառել հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրերում միայն տևական մշտադիտարկման և նեղ մասնագիտական քննարկման արդյունքում՝ ծրագիրը նախապատրաստող խմբում ընդգրկելով մասնագիտական կրթություն ունեցող, փորձառու, դպրոցը և սովորողների տարիքային առանձնահատկությունները լավ իմացող մանկավարժներ, հոգեբաններ, բժիշկներ, ֆիզիոլոգներ, հիգիենիստներ:

 

«Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ» առարկան ավագ դպրոցի դպրոցական բաղադրիչի առարկայացանկում ընդգրկելու կարևորության մասին հարցը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը:

 

Վերջիսն նկատեց, որ արդի գլոբալ էկոլոգիական ճգնաժամի զարգացումը հիմնականում բացատրվում է քաղաքակրթության անբավարար էկոլոգիական մշակույթով և անհրաժեշտ համակողմանի կրթական ու գիտական ապահովման բացակայությամբ:

 

Գիտական խորհուրդը որոշեց վերոնշյալ հարցը ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության քննարկմանը:

 

Նիստի ընթացքում Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց 4 թեկնածուական ատենախոսությունների թեմաներն ու երաշխավորեց տպագրության ներկայացված 3 ուսումնամեթոդական ձեռնարկները:

 

Փակ քվեարկությամբ Երաժշտության ամբիոնի պրոֆեսորներ ընտրվեցին ներկայացված թեկնածուներ Նորիկ Դավթյանն ու Հասմիկ Լեյլոյանը, Մասնագիտական կրթության և իրառական մանկավարժության ամբիոնի դոցենտի պաշտոններում վերընտրվեցին Գայանե Աղուզումցյանը, Հակոբ Թադևոսյանը, Արուսյակ Հովհաննիսյանը, Լուսինե Պողոսյանն ու Սուսաննա Սիսյանը: