Համալսարանի «Մշակույթ»-ի կենտրոնը այս տարի ևս կազմակերպել էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումը սկսվեց Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Վանուհի Բահրամյանի ասմունքով: Վերջինս ներկայացրեց Հովհաննես Շիրազի «Շիրազական» բանաստեղծությունը:
Համաշխարհային երաժշտական շրջանում մեծ համբավ ու ճանաչում վայելող «Սպեղանի» երգչախումբը հանդես եկավ խմբերգային կատարումներով:
Միջազգային մի շարք փառատոնների դափնեկիր, խմբերգային երաժշտության ֆեդերացիայի անդամ «Սպեղանի»-ին` Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ կատարեց Կոմիտասի «Հայ գեղջկական երգերի» շարքը, Երվանդ Երկանյանի «Մեղա քեզ պես»-ը:
Միջոցառմանը հրավիրված Երևանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի սաները ներկայացրեցին դասական երաժշտության գոհարներից մի քանիսը:
«Ես մի ղարիբ բլբուլի պես» կատարմամբ հանդես եկավ դաշնակահարուհի Մարիամ Աբրահամյանը:
Միջոցառումը եզրափակեց «Համալսարանի ջութակահարների անսամբլը»: Այն` Յուրի Ավետիսյանը ղեկավարությամբ, և Մարինա Համբարձումյանի նվագակցությամբ կատարեց Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը, Սվիրիդովի «Ռոմանս»-ը, Բախի «Արիան»:
«Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այս անգամ ներկա էին նաև հրավիրված մասնակիցներ, անսամբլեր: Սա նաև հնարավորություն է, որ մեր ուսանողները լսեն ու մոտենան դասական երաժշտությանն ու արվեստին»,-նշեց«Մշակույթ»-ի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը:
