Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ Աղաբեկ Խաչատրյանի՝ «Բեկի», «Քաջարի» գրքի շնորհանդեսը:
.jpg)
50 էջից կազմված ժողովածուն խմբագրել է բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը:
Շնորհանդեսին ներկա էին նրա մարտական և գրչակից ընկերները:
Բացման խոսքով հանդես եկավ բուհի հումանիտար ընթերցանության գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ողջունելով ներկաներին՝ նա Աղաբեկ Խաչատրյանին ներկայացրեց նախ որպես Արցախյան պատերազմի մասնակցի, ապա՝ որպես պատերազմի հիշողությունները գրքին հանձնած գրողի: «Երկրները ստեղծվում են հայրենիքը սիրելով և կործանվում` այն չսիրելուց:
Այդ տեսակետից շատ եմ կարևորում ազատամարտի հերոսների հանդիպումները Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ»,-ավելացրեց Տիգրան Պետրոսյանցը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Երկրապահ կամավորական միության աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը: Շնորհավորելով իր ավագ ընկերոջը գրքի լույսընծայման համար՝ նա ավելացրեց. «Այս գիրքը հարստացնում է ոչ միայն ինձ, այլև հայ գրականությունն ու պատմությունը: Այն կարծես ծանր հիվանդություն լինի. սկսում եմ կարդալ ու չեմ կարողանում կիսատ թողնել»:
Հակոբյանն այս գիրքը համարում է ոչ միայն հայրենասիրության դասագիրք, այլ նաև հայ ազգի գալիքի գիրք:
Բեկին շնորհավորելու էր եկել նաև Երևանի դատափորձագիտական ինստիտուտի պրոռեկտոր, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Լևոն Թադևոսյանը, որն էլ Աղաբեկ Խաչատրյանին շնորհեց «Երևանի դատափորձագիտական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր»-ի կոչում:
.jpg)
«Արցախ» կայքի տնօրեն, վաստակաշատ լրագրող Ռուբեն Գրիգորյանը նույնպես բարձր գնահատեց ազատամարտիկի հեղինակած գիրքը. «Երբ զենքի մարդն է գրիչ վերցնում,ուրեմն նրա սրտում դաշույնի պես խրված այնպիսի գաղափարներ կան, որ ուզում է գեղարվեստորեն նկարագրել: Մեր ժամանակներում հայի հենց այսպիսի տեսակ է պետք, քանի որ պատերազմ տեսած այս մարդն ունի ապրելու, սիրելու, արարելու ցանկություն: Նրա գրքում տեղ գտած ազնիվ հույզերը, մտքերը, հայրենասիրական գաղափարները սքանչելի պատկերները թիրախ ունեն և նպատակ»:
Իրենց մարտական ընկերոջը ողջունեցին նաև «Ասպետաց ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ գեներալ- մայոր Արսեն Տիտանյանը, գեներալ- մայոր, շուրջ 30 գեղարվեստական գրքերի հեղինակ Սամվել Սաֆարյանը և հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը :
Շնորհանդեսի ավարտին Աղաբեկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ներկա ուսանողներին փոխանցեց իր էրզրումցի պապի պատգամը. «Դաստիարակեք հայրենասեր երեխաների և փորձեք քիչ խոսել, բայց շատ լսել»:
Ի դեպ, ՀՊՄՀ հումանիտար ընթերցանության գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ՀՀ Պաշտպանության նախարարության անունից Արցախյան հերոսամարտի մասնակիցներ Հարություն Գևորգյանին, Արայիկ Շիրինյանին, Յուրի Սիլիպանովին, Լևոն Թադևոսյանին, Պարույր Մանուկյանին, Վարուժան Հայրապետյանին, Բենիամին Եղիազարյանին, Սամվել Վարդանյանին շնորհեց «Հայրենիքին մատուցած ծառայության համար» հուշամեդալ: