Ապրիլի 29-ի`պարի միջազգային օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետակական մանկավարժական

համալսարանը հյուրընկալել էր Թբիլիսիի Իվան Ջավախաշվիլու անվան պետական համալսարանի պարային կոլեկտիվին:
Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, Հայաստանի ազգային պարարվեստի ու պարագետների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի հրավերով վրացի պարուսույցները պարային բաժնի ուսանողների համար անցկացրին վարպետության դասեր:
Իվան Ջավախաշվիլու անվան պետական համալսարանի պարային կոլեկտիվի ղեկավար, Վրաստանի ժողովրդական արտիստ Թենգիզ Քուրաշվիլին, պարուսույցներ Դավիթ Կիկվաձեն և Էթերի Կլդիաշվիլին հայ ուսանողներին սովորեցրին վրացական ազգային պարերից «Խորոմի»-ն:
Ուսանողների բարձր մակարդակը, պարարվեստի զարգացման համար համալսարանում ստեղծված պայմանները ապշեցրել էին վրացի հյուրերին: «Հայերը շատ ընդունակ ու խելացի ազգ են: Կարճ ժամանակահատվածում կարելի է այս ուսանողների հետ վրացական պարերի մեծամասշտաբ միջոցառում բեմադրել»,-նկատեց պարուսույց Դավիթ Կիկվաձեն:
Ուսանողները նույնպես հիացած էին հյուրերի բարձր վարպետությամբ: «Մինչ օրս մեր դասապրոցեսում մենք անդրադարձել ենք տարբեր ազգերի պարերին: Սակայն վրացի պարուսույցներն իրենց վարպետությամբ այնպես ոգևորեցին մեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք յուրացրինք վրացական ազգային պարի առանձնահատկությունները»,-ասաց պարային բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արմեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհը ապրիլի 29-ին տոնում է պարի միջազգային օրը: Այն նշվում է սկսած 1982 թվականից` ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բալետի տեսաբան, «ժամանակակից բալետի հայր» Ժան-Ժորժ Նովերի (1727-1810): 1995 թվականից այն նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, իսկ Հայաստանը պարի միջազգային տոնին միացել է 2005 թվականից:

