Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ամբիոնների վարիչների հետ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի 2014-2015 ուսումնական տարվա վերջին խորհրդակցությունը.օրակարգային հարցերը վերաբերում էին մագիստրոսական կրթությանն ու Համալսարանի հավատարմագրման ընթացքին:
Բուհի ռեկտորը հանդիպման հենց սկզբում խոսեց մագիստորսական կրթության որակի բարձրացման անհրաժեշտության մասին, որին մեծապես կնպաստեն մագիստրոսական կրթությունում գիտահետազոտական աշխատանքի ներդրումն ու մագիստրոսական թեզերի յուրահատուկ թեմատիկ ընտրությունը:
2015-2016 ուսումնական տարում ՀՊՄՀ-ի մագիստրոսական ծրագրերում նախատեսված որոշակի փոփոխությունների և ուսման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին զեկուցեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նա նշեց, որ համալսարանում նկատելի է ուսումնական ծրագրերի և պլանների բարելավում. վերանայվել են բոլոր 49 ծրագրերի նորմատիվ հիմքերը, դրանք հասցվել են միջազգային չափանիշների, մագիստրատուրայում դասավանդում են հանրապետության լավագույն մասնագետները, մշտադիտարկման արդյունքում շարունակվում է լաբորատորիաների սարքավորումներով ապահովվածությունը, սակայն առավել կարիք կա բարձրացնելու ատենախոսական թեզերի որակն ու աշխատանքների արդյունավետությունը:
Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց մի շարք քննարկումների և զեկուցումների արդյունքում թեզի որակի բարելավմանն ուղղված հիմնական ուղիները. առաջին քայլը պետք է լինի ուսումնառության ընթացքում մագիստրոսի գործունեության նախնական պլանավորումը, համապատասխան ժամանակացույցի ներկայացումը, ատենախոսական թեզերի վերնագրերի բազայի վերանայումը, այնպիսի թեմաների ընդգրկումը, որոնք ընդհանրապես կամ քիչ են ուսումնասիրված:
Պրոռեկտորը կարևորեց նաև թեզի թեմայի գործնական հիմնավորումը, նորույթ, ղեկավարների ընտրության հարցը, մագիստրոսի հետազոտական աշխատանքի պլան-ձևաչափի ներդրումը, 100 բալանոց գնահատման համակարգում թեզի գնահատման բաղադրիչների և պահանջների վերանայումը և այլն:
Թեմայի վերաբերյալ եղան նկատառումներ, քննարկումներ. ամբիոնների վարիչները հանդես եկան առաջարկներով, մասնավորապես, տարբերակել բակալավրիատի և մագիստրատուրայի չափորոշիչները, կրճատել միևնույն ղեկավարի մոտ մագիստրոսների քանակը, ներկայացված ծրագրի իրականցումը սկսել բակալավրիատից, շեշտը դնել նեղ մասնագիտացման վրա: Կարևորվեց նաև ուսանողական ներբուհական կյանքի ակտիվացումն ու կրթական լավագույն միջավայրի ստեղծումը:
Համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի վերաբերյալ ներկայացրեց Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը:
Նա ներկայացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի հանդիպումների վերաբերյալ մանրամասներ, 10 չափորոշիչների նախնական գնահատմանը, ապա խոստացավ թեմայի վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվություն ներկայացնել գործընթացի ավարտից անմիջապես հետո: