Բանասիրական ֆակուլտետում շարունակվում են սփյուռքահայ մտավորականների բաց դասախոսությունները:

Այս անգամ ապագա մանկավարժները հնարավորություն ունեցան ունկնդրելու անվանի լեզվաբան, արևելյան լեզուների ու մշակույթի մասնագետ Զավեն Եկավյանին:
Ծնունդով լիբանանահայ, ներկայումս Փարիզի Սորբոն Նուվել համալսարանի կիրառական լեզվաբանության դասախոսը «Հայագիտությունն այսօր» թեմայով դասախոսության ընթացքում անդրադարձավ Փարիզի, Հոլանդիայի, Շվեդիայի, Անգլիայի, Իտալիայի Պորտուգալիայի. Լեհաստանի, Ռումինայի, Հունաստանի և այլ երկրներում գործող հայագիտական ամբիոններին, դրանց ներկայիս վիճակին ու գործունեությանը:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի նախկին ղեկավարն անդրադարձավ Հայաստանի գիտահրատարակչական ու մշակույթի ոլորտին ուղղված հիմնադրամի աշխատանքներին: Նա ներկայացրեց նաև հիմնադրամի միջոցներով լույս տեսնող «Մատենագիրք Հայոց»` 50 ստվարածավալ հատորով մատենաշարը, որի 12 հատորներն արդեն լույս են տեսել:
Դիմելով Բանասիրական ֆակուլտետի ուսանողներին` Զավեն Եկավյանն ասաց. «Լավ հայագետ լինելը հայրենասիրության երաշխիք չէ: Սա մեծ վտանգ է և երբևիցե չխաբվեք: Այսօր բազմաթիվ հայ հեղինակներ հաճույքով կեղծում են մեր պատմությունը: Հայագիտությունն ուսումնասիրության անբավ ոլորտ է և դուք` Մեսրոպ Մաշտոցի զինվորներդ, պետք է ուսումասիրեք և պահպանեք հայագիտությունն իր ողջ խորությամբ»:

Դասախոսությանը ներկա էին նաև «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսանդր Վիրաբյանը:
Համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Գիտական խորհրդի որոշմամբ, Զավեն Եկավյանին շնորհեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում:
Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Զավեն Եկավյանի գործունեությունը` նշելով, որ նա Սփյուռքում ապրող, բայց իսկական հայաստանցի է: «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել ազնվագույն հային, որն իր գիտակցական ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու հայ մշակույթի զարգացմանը: Ապրելով Հայաստանից հեռու` օտար ափերում, նա հոգով ու սրտով միշտ կապված է եղել մեզ հետ, մեր ժողովրդի հետ: Նա տեղյակ է հանրապետությունում կատարվող ամեն մի իրողության, խորապես ապրում է դա` իր մտքերը և հույզերը կիսելով մեզ հետ»,-ավելացրեց Հրավարդ Հակոբյանը:
Զավեն Եկավյանը շնորհակալություն հայտնեց պարգևատրման համար և դիմելով Գիտական խորհրդի անդամներին` ասաց. «Հայ մտավորականներ, ես որոշ չափով վերադարձնում եմ այն, ինչ դուք ինձ տվեցիք: Փառք Աստծո, ես միշտ եղել եմ և կմնամ հավատարիմ իմ արմատներին, ազգությանը, կրոնին ու հայրենիքին: Իմ երազանքն է, որ դառնություն ճաշակած ու Ցեղասպանություն ապրած յուրաքանչյուր հայ մի օր վերադառնանա իր տուն»:
Նշենք, որ Զավեն Եկավյանը ծնվել է Հալեպում: Սովորել է Փարիզի և Երևանի պետական համալսարաններում`ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն հասարակական գիտությունների և հայագիտության բնագավառում: 1985թվականից մինչ օրս ղեկավարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքը: Կիրառական լեզվաբանության դասախոս է Փարիզի Սորբոն Նուվել համալսարանում: Զավեն Եկավյանը Փարիզի միջազգային համալսարանական թաղամասի Մարի Նուբար հիմնարկության տնօրենն է:
Լինելով լեզվաբան և արևելյան լեզուների մասնագետ` Զավեն Եկավյանը երկլեզվական և իմաստաբանական խնդիրների մասին հրատարակել է մի շարք գրքեր և հոդվածներ:
Հայկական սփյուռքի կրթության գերագույն խորհրդի անդամ է: Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր դոկտոր է, ինչպես նաև Ռուսաստանի հասարարական գիտությունների ակադեմիայի անդամ:
Արժանացել է մի շարք պարգևների և շքանշանների` «Պատվո Լեգեոն» շքանշան (Ֆրանսիա), «Մովսես Խորենացի» եւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Հայաստան), «Սբ. Սիլվեստրի» շքանշան (Վատիկան), «Կիլիկիայի Արքայազն» շքանշան (Անթիլիաս, Լիբանան):
2009 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգևի` «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի: