Հատուկ կրթության ֆակուլտետը բազմաբնույթ միջոցառումների, բաց դասերի և դասախոսությունների միջոցով հաճախ է անդրադառնում ներառական կրթությանն ու դրահիմնախնդիրներին:
Այս անգամ ֆակուլտետի Օլիգոֆրենոմակավարժության բաժնի 4-րդ կուրսի ուսանողները, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սարատիկյանի ղեկավարությամբ, ներկայացրին մեր ժամանակներում արդիական և լայնորեն քննարկվող ներառական կրթության հիմնախնդիրները: Յուրաքանչյուր ուսանող իր համառոտ զեկույցում անդրադարձավ ներառական կրթության իրականացման ձևերին, անհրաժեշտ պայմաններին և խնդրի լուծման ուղիներին:
Ուսանողները կարծում են, որ իրենցից յուրաքանչյուրը, որպես ապագա մանկավարժ, անելիք ունի ներառական կրթության արդյունավետ իրականացման գործընթացում, քանի որ այդ համակարգում տարբեր հնարավորություններ ունեցող երեխաներին ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Ապագա հատուկ մանկավարժները ներկայացրին նաև ներառական կրթության առավելությունները` ընդգծելով հատկապես այն, որ այդպիսով կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին հնարավորություն է տրվում կրթվել իրենց համայնքներում` չմեկուսանալով ընտանիքներից:
Զեկուցողները ներկայացրին այդպիսի երեխաների կրթության իրականացման գործում բազմաթիվ երկրների փորձը, վերջին տարիների նոր մոտեցումները, ներառական դպրոցների համար անհրաժեշտ ծրագրերն ու արդյունավետ կազմակերպման պայմանները:
4 տարվա ընթացքում ունեցած պրակտիկայի շրջանակներում նրանք ուսումնասիրել էին նաև զարգացման սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների ծնողների վերաբերմունքը, որոնք այնքան էլ չեն համաձայնում, որ իրենց և մյուս երեխաները ուսումնառություն ստանան միևնույն դպրոցում:
Ուսանողները ներկայացրին «Ներառական կրթություն» վերնագրով աքրոստիկոս, որում ամփոփել էին «նախաձեռնություն, երազանք, առաքելություն, ռազմավարություն, կրթվածություն, առողջություն, նորամուծություն, կայացում, թիմային աշխատանք, ուսուցում, թռիչք, ուրախություն և նվիրվածություն» բառերը:
Բաց դասի ավարտին ուսանողները կատարեցին «Հույսի կամուրջ» հասարարակական կազմակերպության օրհներգը: