ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով` նվիրված Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին
04.05.2012

Մանկավարժական համալսարանի 90-ամյա հոբելյանի շրջանակներում Բանասիրական ֆակուլտետի Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գիտաժողով:

Այն նվիրված էր VII դարի մեծագույն հայ գիտնական, մատենագիր Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյա հոբելյանին:
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրի Դավթյանը:
Գիտաժողովն ընթացավ մի քանի մասով: Առաջինը զեկուցմամբ հանդես եկավ Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ կարևորում է այն դեմքերին, որոնք մեր ազգին տվել են իրենց կյանքը, գիտելիքները և կանթեղի նման լուսավորել են հայ ազգի ճանապարհը: Ազգային հանճար, նշանավոր մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ Անանիա Շիրակացին, նրա դիտարկմամբ, հենց այդպիսիններից մեկն է:
Ապագա բանասերները Աելիտա Դոլուխանյանի մեկնաբանությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրության երևելի դեմքերից մեկի ինքնակենսագրությանը: «Անանիա Շիրակացու ինքնակենսագրությունը եզակի երևույթ է հայ միջնադարյան գրականության մեջ: Վերջինս, համառոտ ներկայացնելով իր կյանքի առաջին շրջանը, մեծ ծառայություն է մատուցել հայ գիտությանն ու մատենագրությանը: Շիրակացին, լինելով մատենագիր, բազմակողմանի զարգացած մարդ, ժողովրդի շրջանում աստվածացվել ու հրաշագործ է համարվել` համեմատվելով համասփյուռ ծաղկի և կենաց ծառի հետ»,-ասաց Աելիտա Դոլուխանյանը:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովսեփյանը ներկայացրեց Անանիա Շիրակացու «Յաղագս հարցման և լուծման» և «Խրախճանականք» կոչվող խնդիր-հանելուկները:
Լիլիթ Հովսեփյանի դիտարկմամբ Անանիա Շիրակացու խնդիրներն ունեն ճանաչողական արժեք, որոնց բովանդակությունը գերազանցապես կապվում է հեղինակին շրջապատող իրականությանը և պարունակում են հետաքրքիր նյութեր ` ռազմական, որսորդական կենցաղի վերաբերյալ:
Գիտաժողովն ամփոփեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Պարույր Սահակյանը, որը ներկայացրեց Անանիա Շիրակացու մատենագրական ժառանգության մեջ իրենց հայրենասիրական բովանդակությամբ առավել աչքի ընկնող «Հայտնության» և «Զատկի» ճառերը: Քրիստոնեական եկեղեցու երկու տոներին` Հիսուս Քրիստոսի ծնունդին ու Զատկին նվիրված ճառերն, ըստ Պարույր Սահակյանի, ունեցել են ազգապահպան մեծ նշանակություն:
Նշենք, որ զեկուցումներով հանդես եկած Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երեք մասնագետների ջանքերով արդեն պատրաստ է Անանիա Շիրակացու հոդվածների ժողովածուն: