Մայիսի 2-5-ը ՀՀ Շախմատի ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի դպրոցականների շախմատի 6-րդ օլիմպիադայի թիմային առաջնության եզրափակիչ փուլը:

Մրցաշարին մասնակցում էին մարզերի և Երևանի առաջնություններում հաղթած դպրոցների 18 թիմեր`այդ թվում նաև Ջավախքից և Լեռնային Ղարաբաղից:
Թեժ պայքարում առաջին պատվավոր տեղը գրավեց Գյումրու համար 3 դպրոցը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վանաձորի համար 5, իսկ երրորդը` Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցը:
Աստղիկ Խալիկյանը Գյումրու համար 3 դպրոցի հաղթող թիմից է: Առաջին անգամ է թիմային հաղթանակ տանում: Ասում է, որ հենց սկզբից էլ առաջնային դիրքում էին` այն չզիջելու անխախտ որոշմամբ: Իր հասակակիցներին խորհուրդ է տալիս զբաղվել շախմատով: Վստահ է`այն կօգնի մարզել մտքի տրամաբանությունը և կարճ ժամանակ անց կդառնա առօրյայի անբաժան մասնիկը:
Արփինե Գրիգորյանը մրցաշարում ներկայացնում էր Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցը: Շախմատ խաղալ շատ է սիրում: Այս սպորտաձևով սկսել է զբաղվել 8 տարեկանից: «Մասնակցելով այս մրցաշարին` հասկացա, որ ամենադժվար պայքարում անգամ պետք է ձգտել հաղթանակի: Շատ եմ կարևորում նաև այն, որ մթնոլորտը խաղի ժամանակ թեպետ մրցակցային էր, սակայն խաղից առաջ և հետո ջերմ էր ու ընկերական»,- ասում է Արփինեն:
Մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին շնորհավորելու էին եկել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանի «Արին-Բերդ» մանկական պարի համույթը, վոկալ գործիքային անսամբլը և կուլտուրայի ֆակուլտետի փողային նվագախումբը:
Մրցաշարին ներկա էին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արա Սիմոնյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը և մի խումբ շախմատասերներ:
Նշենք, որ Շախմատի ազգային ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նաև Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչն է: