Օրերս լույս է տեսել «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի հերթական համարը:
Հանդեսի նոր համարի «Տնտեսական զարգացումներ և կրթության մենեջմենթ», «Ուսուցման և դասավանդման մեթոդիկա», «Զարգացման և կիրառական հոգեբանություն», «Լեզվի և մշակույթի պատմություն և տեսություն» «Գիտնականի մտորումներ» խորագրերը կրող ենթաբաժիններից ընթերցողը կարող է ծանոթանալ ոլորտին առնչվող հիմնախնդիրներին:
Հանդեսում տեղ են գտել մի շարք անվանի գիտնականների հոդվածներ, ում հետ համագործակցում է համալսարանը: Մասնավորապես, Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի գլոբալ կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Ռաունի Ռասանեն անդրադարձել է կրթության հիմնախնդիրներին` «Կրթության որակը` որպես ազգի ապագայի կարևորագույն ներդրում» հոդվածում:
Նույն համալսարանի կրթության հարցերի և ուսանողական ծառայությունների տնօրեն Եվա Մարի Ռաուդասոյան կենտրոնացել է ղեկավարի անձնային-հոգեբանական առանձնահատկություններին: «Օտար լեզվով մասնագիտական պատրաստվածության գործընթացում մեծահասակների ուսուցման հոգեբանամանկավարժական առանձնահատկություններ» թեմայով գիտական հոդված է ներկայացրել Մանկավարժական գիտությունների դոկտոր, Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Տատյանա Սամոսենկովան:
Գիտական հանդեսում տեղ են գտել նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, Սանկտ–Պետերբուրգի Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Վալերի Եֆրեմովի, Մոսկվայի «Ստանկինի» պետական տեխնոլոգիական համալսարանի ԲՄԿ ՖՊԲԿՀ (Բարձրագույն մասնագիտական կրթության ֆեդերալ պետական բյուջետային կրթական հաստատություն) օտար լեզուների ամբիոնի վարիչ Տատյանա Վասիլևայի, Ավանս Հոգեսքուլի կրթության շարունակական զարգացման և համագործակցային հասարակական պատասխանատվության ավագ խորհրդատու Նիկո Ռոորդայի հոդվածները:
Պարբերականում կարելի է հանդիպել նաև հայ գիտնականների գիտատեսական, գիտամեթոդական բնույթի հոդվածների:
Հանդեսը նախատեսված է ոչ միայն մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն կրթության համակարգում աշխատողների, այլև մանկավարժական և հոգեբանական գիտությունների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար: Այն օժանդակում է մանկավարժության և հոգեբանության բնագավառներին առնչվող խնդիրների լուծմանը, կրթության կառավարման հիմնախնդիրների լուսաբանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը, Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի բարելավմանն ու առաջընթացին:
Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր Տիգրան Սարգսյանը: