ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մայիսյան փառավոր եռատոն. մայիսի 9
09.05.2012
Մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է հաղթանակների քանակով և նշանակությամբ: Այսօր` մայիսի 9-ին, լրացավ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Այսօր նաև նշվում է Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի էին շտապում պատերազմի մասնակից վետերաններ, Արցախյան գոյամարտի մասնակիցներ ու հասարակ քաղաքացիներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու Հայրենական պատերազմի վետերանները` համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, նախ ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակի» զբոսայգի:
Նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ, գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Դավիթ Սարիբեկյանը մաթեմատիկոս է: Երկար տարիներ աշխատել է մանկավարժական համալսարանում: Ռազմաճակատ մեկնել է 1943 թվականին, ծառայել հրանոթային զորամիավորումում: Այնտեղ մնացել է երկու տարի, վիրավորվել, սակայն հաղթանակած է վերադարձել հայրենիք:
Ասում է, որ ամեն տարի մայիսի 9-ին նախորդող գիշերն արթուն է լուսացնում: Անհամբեր սպասում է այսօրվան, որ հանդիպի մարտական ընկերներին ու հիշի անցյալը` թեկուզ մտովի կրկին վայելի հաղթանակի բերկրանքը:
Ցավում է, որ պատերազմի մասնակիցներին ավելի հաճախ չեն հիշում ու որպես խոցելի խնդիր առանձնացնում է ցածր թոշակն ու նյութական ոչ բարեկեցիկ վիճակը:
Պատերազմի վետերան Գոհար Գուդաղյանն այսօր դարձավ 90 տարեկան: Պատերազմի յուրաքանչյուր դրվագ հիշում է ամենայն մանրամասնությամբ:
Ասում է, որ ռազմաճակատում շատ կանանց պես հասարակ բուժքույր չի եղել, ապա հպարտությամբ ավելացնում, որ լինելով գնդացրորդ պայթեցրել է գերմանական բազմաթիվ հրթիռներ:
Մինչև հիմա արթուն է հիշողությունն այն մասին, թե ինչպես հրամանատարը գրկեց իրեն ու հայտնեց հաղթանակի և հայրենիք վերադառնալու մասին լուրը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը կարևորեց, որ ժողովուրդը չի մոռանում տոնել իր տարած հաղթանակներն ու ամեն տարի հոծ բազմությամբ երախտիքի իր տուրքն է մատուցում հայորդիներին.«Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Ես նախ և առաջ նկատի ունեմ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, ապա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը և մեր` հայոց նորագույն պատմության ամենահերոսական դրվագներից մեկը` Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրումը»:
Պատմաբանը վստահ է` պետականության գաղափարի արժևորման գործում մեծ անելիք ու դերակատարում ունի հատկապես մանկավարժական համալսարանը:
«Լինելով մանկավարժական բուհ, մենք գալիք սերունդներին անընդհատ ներարկում ենք հայրենասիրություն, պարբերաբար կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ, պատմության դասընթացների միջոցով էլ նրանց հիշեցնում պատմության հերոսական դրվագների մասին»,-ավելացրեց Էդիկ Գևորգյանը: