ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երազենք մեր ապագայի մասին` ինչպես երազում էր Շիրազը»
11.05.2012
Մայիսի 11-ին բանասիրական ֆակուլտետի ուսանողների հյուրն էր ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Սամվել Մուրադյանը: Հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող գրականագետը բազմաթիվ գրքերի, վերլուծական ու գրականագիտական հոդվածների հեղինակ է, միաժամանակ ողջ կյանքը սերտորեն կապված է մանկավարժության հետ: Ներկա հանդիպումն էլ նրա «Հովհաննես Շիրազ» հուշագրական գրքի ներկայացման առիթով էր:
«Նրան ճանաչում են իր ֆենոմենալ հիշողությամբ և գրականագիտական խոր իմացությամբ»,- Սամվել Մուրադյանին ներկայացնելիս ասաց բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրա Դավթյանը:
ՀՊՄՀ հայ գրականության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի խոսքը վերաբերում էր մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին` որպես 20-րդ դարի հայ գրականության ֆենոմենի, և Սամվել Մուրադյանի գրքի արժևորմանը: «Փոքր ժողովուրդները մեծ խնդիր ունեն. մեզ համար դա 1915 թվականն է, իսկ Շիրազը` Եղեռնի ամենամեծ երգիչը: Մենք պարտավոր ենք ուսանողներին դաստիարակել նրա ստեղծագործություններով»,-ասաց նա:
Սամվել Մուրադյանի` Շիրազին նվիրված առաջին գիրքը ժամանակակցի հուշագրություն է: Բանախոսը ուսանողներին խորհուրդ տվեց կարդալ գիրքը և «երազել մեր ապագայի մասին, ինչպես երազում էր Շիրազը»:
Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը Սամվել Մուրադյանին ներկայացրեց որպես եզակի գրականագետ-գիտնականի, ով միշտ ընտրել է ժամանակի կնճռոտ հարցադրումները` դառնալով ժամանակի տարեգիրը:
«Նա իր առջև խնդիր է դրել` բացահայտել Շիրազին` իր մեծությամբ ու բարդույթներով»:
Մուրադյանը մտերիմ է եղել Շիրազի հետ, իսկ հայրը եղել է Շիրազի կուրսի ավագը: Դանիելյանն իր խոսքը եզրափակեց` ասելով. «Մուրադյանը պարտավոր է տալ Շիրազի ողջ գիտական բնութագիրը, և ժամանակն է, որ շիրազապաշտությունից անցնենք շիրազագիտության»:
Պրոֆեսոր Մարտին Գիլավյանի կարծիքով, «Գիրքն անթերի է գրականագիտական առումով, սակայն առավել ուշագրավ` հուշագրության տեսանկյունից»:
Վերջում ելույթ ունեցավ օրվա «մեղավորը»: «Շիրազը մեր ազգային հարստությունն է»,-ասաց նա: Ժամանակին նա փորձել է գրառել բանաստեղծի հետ կապված ամեն ինչ, սակայն ուսանողական հանրակացարանից պայուսակը մի չար դիպվածով անհետանում է, ինչը բնորոշ էր խորհրդային տարիներին: Սամվել Մուրադյանը հետաքրքիր հուշեր և զվարճալի պատմություններ պատմեց Շիրազի մասին, նաև մեծ պաթոսով ու ոգևորությամբ արտասանեց նրա ստեղծագործություններից:
Լսարանում էր նաև Անի Շիրազը. նա համակ ուշադրությամբ լսում էր հոր ամսին պատմությունները:
Ներկաները չզգացին` ինչպես Շիրազին նվիրված գրքի շնորհանդեսը վերածվեց Շիրազական բաց դասի, որտեղից յուրաքանչյուր ուսանող իր համար անմոռանալի
գիտելիքներ քաղեց: