ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վեհափառն օրհնեց ապագա մանկավարժներին
11.05.2012
Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում հանդիպեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Հանդիպման սկզբում մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց կաթողիկոսին` մագիստրատուրայի շրջանավարտներին հյուրընկալելու համար. «Ներկաներից ոմանք մի քանի ամիս հետո պետք է իրենց մանկավարժական գործունեությունը ծավալեն դպրոցներում: Ձեզ հետ հանդիպումը, Ձեր օրհնությունը իսկապես կարևորագույն հանգամանք է նրանց հաջող գործունեության համար»:
Ողջունելով ուսանողներին` կաթողիկոսը կարևորեց սուրբ քաղաք այցելելու համալսարանի նախաձեռնությունն ու ուսանողների ցանկությունը: Այդպիսով նրանք արժանանում են օրհնության, հաղորդակցվում հոգևոր արժեքներին, անցյալի պատմությանը: Բայց ամենից շատ այս այցը նման է ուխտի, որով ապագա մանկավարժները պարտավորվում են նվիրվել սերունդներին ճշմարիտն ուսուցանելու գործին:
«Արժանավոր քաղաքացիներ կրթելու և ժողովրդի առաջընթացի գործում խիստ նշանակալի է պատմության իմացությունը, ուստի ձեր առջև կարևոր ու մեծ առաքելություն է դրված:
Ես ուրախ եմ, որ Մանկավարժական համալսարանը դպրոցներում տարբեր առարկաներ դասավանդելու համար առատ պտուղներ է տալիս», ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Վեհափառը պատգամեց ուսանողներին իրենց գիտելիքներով, մասնագիտական կարողություններով նպաստել եկեղեցու առաքելության իրականացմանը` ժողովրդի մեջ նաև առողջ մտածելակերպ սերմանելուն: Ու նաև հորդորեց դրսևորել բարձր գիտակցություն, լինել նախանձախնդիր, կրել մեծ պատասխանատվություն պատմության առջև` կերտելու համար նոր ոգի և մտածողություն:
Մագիստրատուրայի շրջանավարտ Հասմիկ Հակոբյանն արդեն աշխատում է դպրոցում: Վեհափառի հետ հանդիպելու համար սա աննախադեպ հնարավորություն էր. «Լսելով նրա խորհուրդները` մենք, որպես գալիք սերունդներին կրթող ուսուցիչներ, ավելի պարտավորվեցինք լինել մեր գործի առաջնորդը»:
Նույն կուրսի շրջանավարտ Վաղարշակ Մատիկյանը, պատմաբանի հայացք նետելով հայոց պատմությանը, նկատում է, որ Էջմիածինը խորհրդանշում է հայ ժողովրդի աննվաճ լինելը: «Ես, որպես ապագա մանկավարժ, կարևորում եմ վեհափառի հետ հանդիպումը, քանի որ բոլոր ժամանակներում էլ աշխարհիկ իշխանությունը զսպողը հոգևոր ուժն է»:
Մագիստրոսները եղան նաև Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն-թանգարանում, ուր հսկիչ-բացատրող Ելենա Անանյանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանում և ծանոթացան եկեղեցական իրերի պատմությանն ու դրանց նշանակությանը: