Մանկավարժական համալսարանը բուհի 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակում Երևանի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների համար
.jpg)
կազմակերպել էր օլիմպիադա:
Նախքան օլիմպիադան սկսելը, Համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց օլիմպիադայի ընթացակարգը:
Այնուհետեւ մասնակիցներին ողջունեցին օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը և ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոց-վարժարանի տնօրեն, օլիպիադայի կազմկոմիտեի նախագահի տեղակալ Նաիրա Սաֆարյանը:
Վերջինս, կարևորելով աշակերտների մասնակցությունը օլիմպիադային, այն դիտարկեց համարձակ և հաղթական քայլ, որը կնպաստի դպրոցին, աշակերտին և ուսուցչին ամենամոտը կանգնած կրթական օջախի` Մանկավարժական համալսարանի հետ նոր բարեկամությանը:
Օլիմպիադայի 1-ին փուլն անցկացվեց ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, որին մասնակցեցին բնագիտամաթեմատիկական հոսք ունեցող մայրաքաղաքի 20 դպրոցի 145 աշակերտ: Նրանցից 103-ն ընդգրկված էր մաթեմատիկայի, իսկ 42-ը ֆիզիկայի խմբում:
Առաջադրանքները կազմել էին հանձնաժողովի անդամները, որոնց շարքում, բացի բուհի դասախոսներից, ընդգրկված էին նաև Կրթության ազգային ինստիտուտի և մայրաքաղաքի տարբեր դպրոցների ներկայացուցիչներ:
Օլիմպիադայի մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ ընտրելու իրենց գրավոր աշխատանքի տարբերակը: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ ֆիզիկայի 3 խմբերն էլ ընտրել էին միևնույն տարբերակը:
Ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հակոբ Հակոբյանը բազմիցս մասնակցել է քաղաքային և հանրապետական օլիմպիադաների: Օլիմպիական հայտնի կարգախոսը «Կարևորը մասնակցություն է և ոչ հաղթանակը» Հակոբի համար չէ: Վստահ է, եթե ոչ առաջին, ապա մրցանակային տեղերից մեկը հաստատ զբաղեցնելու է:
Մինչև օլիմպիադայի մասնակիցները կլուծեին իրենց տրված հանձնարարությունները, նրանց ծնողները Ռազմավարական կառավարման վարչության պետ,տնտեսական գիտությունների թեկնածու Ռիտա Գևորգյանի նախաձեռնությամբ ֆակուլտետների գիտության գծով փոխդեկանների միջոցով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված բուհի գրադարանում` ստացան Համալսարանի պատմության, գործունեության և մասնագիտությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Օլիմպիադայի կազմակերպական աշխատանքներին աջակցեցին նաև Համալսարանի Կարիերայի կենտրոնի մասնագետ Հրայր Օհանյանը և նրա կողմից համակարգվող համալսարանի ֆակուլտետներում կարիերայի աշխատանքները իրականացնող ուսանողներից կազմված աշխատանքային թիմը և ՀՊՄՀ Հենակատետայի ավագ դպրոց -վարժարանի ուսուցիչները:
Օլիմիպիադայի 1-ին փուլի արդյունքերի ամփոփումն ու պարգևատրումը տեղի կունենա մայիսի 14-ին` ժամը 15.00-ին, Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում:
Ի դեպ, օլիմպիադայի 2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել 2012-2013 ուսումնական տարվա սկզբին:

