ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բանակին պետք են գրագետ սպաներ
15.05.2012

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այսուհետ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները սպայական կոչում կստանան 3 տարվա ընթացքում` նախկին 5 տարվա փոխարեն:

Ծրագրի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները հանդիպեցին Մանկավարժական համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտների հետ:
Փորձառու զինվորականներ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, Կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի ավագ սպա գնդապետ Գագիկ Սողոմոնյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ուսման գծով տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը և ՀՀ զինվորական կոմիսարիատի նախազորակոչային պատրաստման 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հայրապետյանը ապագա զինակոչիկներին ծանոթացրին Պաշտպանության նախարարության ուսումնական ծրագրերին:
Գարնանային զորակոչի ենթակա բուհի ուսանողները մեկ տարի սովորելուց հետո, կարող են անցնել վարձատրվող աշխատանքի` եռամյա ժամկետով:
Ուսման ընթացքում նրանք կստանան մարտավարական, ռազմատեխնիկական, ընդհանուր ռազմական և ռազմական կառավարման առարկաների գծով մասնագիտացում:
Գնդապետ Խաչիկ Խաչատրյանը, դիմելով ուսանողներին, կարևորեց ներկայացված ծրագրի կարևորությունը զինված ուժերի զարգացման գործում` կոչ անելով կրկնել Մանկավարժական համալսարանի շրջանարտների, այսօր արդեն ռազմական ինստիտուտների սպաների փորձը, որոնք աչքի են ընկել կարգապահությամբ և գիտելիքների հարուստ պաշարով:
Զինվորականի մասնագիտությանը տիրապետելու համար ռազմական ինստիտուտներում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ուսանողները հնարավորություն կունենան ինքնակրթվել, զբաղվել սպորտով, ինչպես նաև ստանալ կրթաթոշակ:
Ռազմական հաստատություններ կարող են ընդունվել, ինչպես ոչ ռազմական բուհի շրջանավարտներն, այնպես էլ ՀՀ զինված ուժերում արդեն ծառայած բուհի ուսանողներ:
Բարձր առաջադիմությամբ ուսանողները վիճակահանությամբ ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում գտնվող զորամասերում:
Նշենք, որ ծրագիրը կիրականացվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` հրետանավոր և մոտոհրաձիգ, ինչպես նաև մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտում` հակաօդային պաշտպանության և կապավորի մասնագիտություններով: