Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երգի տոն» խորագրով համերգային միջոցառում` նվիրված Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90 և հայ

տպագիր գրքի ստեղծման 500 ամյակներին:
Միջոցառումը կազմակերպել էր բուհի «Մշակույթի կենտրոն»-ը` տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Շեկունցի ղեկավարությամբ:
Համերգավարներ Արտավազդ Ամիրյանն ու Լուսինե Փիրոյանը ներկայացրին հայ տպագիր գրքի ստեղծման և Մանկավարժական համալսարանի պատմությունն ու տարեգրությունը:
Բազմաժանր կատարումներով միջոցառման ընթացքում հանդես եկան Երևանի և հանրապետության տարբեր քաղաքների` Մեծամոր, Էջմիածին, Սպիտակի և Կոտայքի մարզի հանրապետական մրցույթների հաղթող երգչախմբեր, որոնց գեղարվեստական ղեկավարները Մանկավարժական համալսարանի սաներն են:
Պարային կատարումներով միջոցառմանը մասնակցեցին «Ամբերդ» և «Ծիծեռնակ», պարային համույթները:
Հանդիսատեսին իրենց ռիթմիկ կատարումներով բարձր տրամադրություն հաղորդեցին Մհեր Մաթևոսյանը, Դալիթան, Գոռ Մեծոյանը, Աննա Խաչատրյանը, Մհեր Գալստյանը, Ժորա Հակոբյանը և այլք:
Հարազատ բուհին իր երգով ողջունեց նաև շոու-բիզնեսի սիրված և ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանը: Վերջինս, շնորհավորելով Մանկավարժական համալսարանին հիմնադրման 90-ամյակի առթիվ, նկատեց, որ հպարտանում է նրանով, որ հատկապես այդ բուհի շրջանավարտն է:
Նշենք, որ միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքեր ասացին տարբեր տարիների շրջանավարտներ` այդ թվում 50 տարի առաջ բուհում կրթված, մշակույթի վաստակավոր գործիչ, Երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: