ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աճեցվել է առաջին արհեստական բյուրեղը
16.05.2012

Այն ոչ գծային օպտիկական լիթիումի յոդատի արհեստական բյուրեղ է, որն աճեցվել է 6 ամսում ջրային լուծույթից` վերջինիս գոլորշացման մոդիֆիկացված եղանակով:
Արհեստական բյուրեղը մոտ 80 սմ երկարություն ունի: Բյուրեղը կիրառվելու է լազերային ճառագայթի հաճախության փոխակերպիչ սարքերում:
«Լաբորատորիայում աճեցվող նույնիսկ նույն բաղադրությամբ արհեստական բյուրեղները իրականում երբևիցե միանման չեն լինում»,-վստահեցնում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայի վարիչ Էդվարդ Կոկանյանը: Պատճառն այն է, որ դրանց ֆիզիկական հատկությունների բարելավման, նոր հատկությունների բացահայտման ու նոր որակների ստեղծման նպատակով անընդհատ փոփոխվում են աճեցման ներքին և արտաքին պայմանները, խառնուրդների տիպը և քանակը։ «Արհեստական բյուրեղների աճեցումը շահույթ չի հետապնդում: Ստեղծված բյուրեղը չի լրացնելու թանկարժեք քարերի շարքը. այն գիտական հետազոտության արդյունք է, որն ավելի բարձր արժեք ունի»,- ավելացրեց Էդվարդ Կոկանյանը:
Խոսելով արդյունքների մասին` վերջինս նաև նկատեց. «Մեր նախաձեռնությունը տվեց իր ցանկալի արդյունքը: Ստացված բյուրեղի բնութագրերը համապատասխանում են մեր կանխատեսումներին։ Կատարվող հետազոտությունների արդյունքում հետագայում պետք է փորձենք ստանալ նոր արհեստական բյուրեղներ և դրանց համար գտնել նորանոր կիրառություններ»:
Բյուրեղի աճեցմամբ ոգևորված էին հատկապես Ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի մագիստրոսները, որոնք անմիջականորեն մասնակցել են բյուրեղի աճեցմանը: Նրանց համար սա նաև գիտական խորը վերլուծություն է, ստացած տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու լայն հնարավորություն:
Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայում, ուր այսօր գործում է բյուրեղների աճեցման 2 սարք, առաջիկայում նույնպես շարունակվելու է արհեստական բյուրեղների աճեցումը: