Մանկավարժական համալսարանի Ռազմավարական կառավարման վարչության կազմում գործող Կարիերայի կենտրոնն ամփոփեց եռամսյա` «Ուսումնառողների կարիերայի աջակցում»
թեմայով առաջին դասընթացի արդյունքները:
Թրեյնինգի 22 մասնակիցներ ստացան հավաստագրեր` դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Համալսարանի գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը, ողջունելով թրեյնինգի մասնակիցներին, վստահություն հայտնեց, որ նրանց ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կօգտագործվեն համալսարանի հետագա աշխատանքերում:
Ռազմավարական վարչության պետ Ռիտա Գևորգյանը գոհ է աշխատանքի արդյունքներից. «Մեր նպատակն էր ձեզ փոխանցել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ, որոնք կնպաստեն աշխատաշուկայում ձեր մրցունակության բարձրացմանը, թիմային աշխատանքին և կարիերայի հետագա ձևավորմանը: Դուք դարձաք առավել ակտիվ, ստեղծագործ ու նախաձեռնող.այդ մասին են վկայում ձեր մասնակցությամբ միջոցառումները»:
Նարե Գևորգյանը սովորում է Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության բաժնում: Իր մասնակցությունը դասընթացին շատ է կարևորում: «Ինքնագնահատման բարձրացում, գործատուների հետ հարցազրույցի նախապատրաստում, ճիշտ կեցվածք ու իմիջի ձևավորում.սրանք իմ սովորածի ընդամենը մի մասն են»,- ասում է Նարեն, ով պատրաստ է դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները փոխանցել ընկերներին:
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը, որը վարել էր թրեյնինգի որոշ թեմաներով վարժանքները, վերլուծեց թրեյնինգի առաջին օրվա մասնակիցների ինքնանկարները:
Դասընթացի երկրորդ փուլը կանցկացվի սեպտեմբերին. մասնակիցների թիվն այս անգամ կանցնի 100-ը:
Հիշեցնենք, որ Կարիերայի կենտրոնը նպատակ ունի համալսարանի դիմորդներին, ուսումնառողներին, շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ: