ՀՀ Զինված ուժերի կայացման 20 ամյակի և մայիսյան եռատոնի առթիվ ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետը, համագործակցելով Ուսանողական խորհրդի հետ,
կազմակերպել էր «Հայոց բանակի 20 տարին» (պատմության քառուղիներում) թեմայով միջբուհական ուսանողական գիտաժողով:
Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Մենք երկար ենք երազել անկախ պետականության և սեփական կայուն բանակ ունենալու մասին: Հայոց բանակի ստեղծումը կապված է եղել հայոց պետականության ստեղծման այնպիսի իրողությունների հետ, որոնք անհրաժեշտ են դարձրել բանակի տարբեր կազմավորումների ստեղծումը` անկախ պետության կամքից: Հետագայում այդ կազմավորումների միավորումն էլ հիմք դրեց ՀՀ մարտունակ բանակի ստեղծմանը, որն այսօր էլ ապահովում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Բուհի ուսանողներից բացի, գիտաժողովին մասնակցում էին նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ադեմիայի և Եվրոպական համալսարանի ուսանողները:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին «Մովսես Սիլիկյանը և Սարդարապատի ճակատամարտը», «Ավարայրի ճակատամարտը», «Գարեգին Նժդեհի գործունեությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին», «21-րդ դարի հայոց բանակը», «Կիլիկյան Հայաստանի զինված ուժերի առանձնահատկությունները», «Թուրքի բնութագիրը հայկական, թուրքական և այլ ժողովուրդների առածներում» թեմաներով զեկուցումները:
Գիտաժողովում խոսվեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պատմության, Շուշիի ազատագրման, Կիլիկյան հայկական զինուժի կազմավորման և Բագրատունյաց բանակի մասին:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Կարապետյանը ժխտում է տասնամյակներ շարունակ շրջանառվող այն կեղծ տեսակետը, որ հայը միայն գրի, գրչի ու գրքի ժողովուրդ է: Նա վստահ է` հայը նաև զենքի ժողովուրդ է, ինչի մասին վկայում է հայ ժողովրդի կազմավորման պատմագրությունը:
Իբրև ապացույց, որ հայի պատմությունը սկսվել է զենքով, զրահով, ճակատամարտով` պրոֆեսորը ներկաներին հիշեցրեց Հայկի և Բելի մասին հայկական ավանդազրույցը:
Օտար նվաճողի դեմ հայի կռիվը երբեք չի եղել զավթողական, դրանք եղել են ինքնապաշտպանական հերոսամարտեր, ասում է,- Մհեր Կարապետյանը ու դժգոհում, որ հայը, խոսելով առաջին հանրապետության կազմավորած բանակի մասին, մոռանում է դրա նախապատմությունը: «Մեր դարավոր պատմության մեջ չկա որևէ ժամանակահատված, որտեղ ժողովուրդը չունենա զորք և հաղթանական պատերազմ մղած չլինի իր թշնամիների դեմ: 1916 թվականի կամավորական գնդերի վերակազմավորումը հայկական կանոնավոր հրաձգային գնդերի` դրա վառ ապացույցն է»:
Դավիթ Կարապետյանը սովորում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայում: Գիտաժողովին ներկայացրեց «Թուրքի բնութագիրը հայկական, թուրքական և այլ ժողովուրդների առածներում» թեմայով զեկույցը: Ուսումնասիրելով թուրքի պատմական, հավաքական կերպարը, փորձել է բացահայտել նրա բնույթը: Պատմական անցքերի հետագծով գնացող Դավիթն այսօր էլ արդիական է համարում հայ ազատագրական պայքարի ռահվիրա Րաֆֆու դատողություններն այն մասին, որ թուրքն անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և ավելի վտանգավոր:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը, ողջունելով գիտաժողովի նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ

այն կնպաստի ուսանողների հայրենասիրությանն ու քաղաքացիական պարտքի գիտակցմանը:
Պատմաբանը վստահեցրեց` Մանկավարժական համալսարանի և Պաշտպանության նախարության հետ համագործակցությունը կլինի շարունակական ու կնպաստի հայոց բանակի ամրապնդմանը:
Վերջինս, զեկույցներով հանդես եկած բոլոր մասնակիցներին հանձնեց պատվոգրեր` հույս հայտնելով, որ ներկայացված թեմաներն առաջիկայում տեղ կգտնեն ժողովածուում:
Գիտաժողովին հրավիրված ՊՆ N զորամասի երկրորդ գումարտակի մայոր Հովսեփ Մրտչյանը շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանին` բանակ-հասարակություն, բուհ-բանակ կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: