Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի մշակութային հոսքի (նկարչություն-դիզայն) 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները ներկայացրին իրենց տարեվերջյան ամփոփիչ

աշխատանքները:
Ցուցահանդեսը նվիրված էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին:
Վարժարանի տնօրեն մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանն իր երախտագիտությունը հայտնելով աշակերտներին ակտիվ մասնակցության համար, կարևորեց ցուցահանդեսն այն առումով, որ այն աշակերտների համար իրենց բնագավառում առաջին և պատասխանատու քայլն է:
Նաիրա Սաֆարյանը լավագույն աշխատանքների համար մի քանի աշակերտների պարգևատրեց «Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսին ակտիվորեն մասնակցելու համար» գովասանագրով:
Վերջինս հաջողություններ, անհատական և խմբակային ցուցահանդեսներ մաղթեց մասնակիցներին և խորհուրդ տվեց` հպարտ լինեն իրենց կրթօջախով, միշտ հիշեն, որ իրենց առաջին քայլերն արել են Մանկավարժական համալսարանի հենակետային (ավագ դպրոց) վարժարանում:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի գծանկարի ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Քեշիշյանը:

Նա նույնպես բարձր գնահատեց ներկայացված գծանկարները, գեղանկարները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու զարդանախշերը: «Սա բացահայտում է ձեր նկարչական տաղանդը, ստեղծագործելու ակադեմիական կարողությունները: Ես հուսով եմ` նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակական»,-նկատեց Արտաշես Քեշիշյանը:
Մշակութային հոսքի 10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Կարապետյանի համար այսօր կրկնակի տոն է: Ծննդյան օրից բացի, այս օրը կարևորվում է որպես ապագա նկարչուհու առաջին ցուցահանդես: «Ներկայացրել եմ գոաշով և յուղաներկով արված 3 կոմպոզիցիա: Շատ ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ կարողանում ենք համեմատել և գնահատել նաև մեր համադասարանցիների աշխատանքները: Շատ կարևոր է լսել դիտողների` հատկապես քննադատական խորհուրդները»,-ասաց Աննա Կարապետյանը:
5 աշխատանք ներկայացրած 11-րդ դասարանի աշակերտուհի Եվգենյա Հարությունյանը Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի սան է և ունեցել է մի քանի խմբակային ցուցահանդեսներ: Բայց այս ցուցահանդեսը նա առանձնացնում է մյուսներից, քանի որ նվիրված էր համալսարանի հիմնադրման 90-ամյակին: