ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եղիշե Չարենց. բանաստեղծ` ծնված Մակու քաղաքում
18.05.2012

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115 և գրական գործունեության 100-ամյակը: Այդ առթիվ Սկզբնական կրթության ֆակուլտետի Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնը կազմակերպել էր «Եղիշե Չարենց. բանաստեղծ` ծնված Մակու քաղաքում» թեմայով ցերեկույթ:

Այն սկսվեց հանճարեղ բանաստեղծի «Տաղ անձնական» բանաստեղծության երաժշտական կատարմամբ: Ուսանողները ասմունքեցին պոետի «Մահվան տեսիլ», «Տաղարան», «Լուսմփոփի՜ պես աղջիկ», «Հեռացումի խոսքեր» և ներկայացրեցին Չարենցի մասին մեր մեծերի հուշերը:
Տպավորված տեսածով` Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Լևոն Գրիգորյանն ասաց. «Մենք մեր արժեքները մեծարելով կարող ենք մեծանալ: Չարենցը դեղամիջոց է, ճանապարհ, որի պոեզիան օգնում է զերծ մնալ բոլոր տեսակ աղտոտություններից, ձերբազատվել նսեմացման և թերարժեքության բարդույթներից և հավատալ, որ կարող ես բարձունքներ գրավել»:
Պրոֆեսորը Չարենցին համեմատեց Նարեկացու հետ, որի ազդեցությունն իր դարաշրջանի համար եղել է հսկայական: «Մենք մեր գոյությամբ մի քիչ էլ պարտական ենք Չարենցին` Աբգար Աղայի` աղա որդուն»:
Միջոցառման կազմակերպիչ Սկզբնական կրթության ֆակուլտետի Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Կարինե Աղաբաբյանն էլ նկատեց. «Ես համոզվեցի, որ 21-րդ դարի երիտասարդները գնահատում և ընկալում են իրենց մատուցվող արժեքները: Նրանք մեկ անգամ ևս համոզվեցին, որ մենք ունենք հարուստ գրականություն ու վստահ եմ` միջոցառումից ստացած գիտելիքներն ու լիցքերը ապագայում կհարթեն նրանց առջև ծառացած խնդիրները»:
Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկայի բաժնի ուսանողուհի Նարինե Արամյանի կարծիքով միջոցառումը հնարավորություն տվեց առավել խորությամբ ընկալել չարենցյան ոճը, զգալ նրա բանաստեղծությունները և նոր բացահայտումներ անել Չարենցի կենսագրությունից:
Նույն բաժնի ուսանողուհի Հռիփսիմե Առաքելյանը խոստովանում է` Չարենցի պոեզիայով ապրում է դեռ մանկուց, և այսօրվա ցերեկույթը նորովի բացահայտեց սիրելի պոետին: