ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինչու՞ են ուսանողներն ընթերցում միայն հայերենով
22.05.2012
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը պարբերաբար համալրվում է նորագույն ուսումնական, գիտա-տեղեկատվական, գեղարվեստական գրքերով և ամսագրերով. յուրաքանչյուր ամիս բոլոր մասնագիտությունների գծով գրադարանն ստանում է 50-ից ավել օտարալեզու ամսագիր:
Գրադարանը դրանք ստանում է պրոֆեսորադասախոսական կազմի ցանկությամբ, սակայն նկատելի է, որ դրանք չեն կիրառվում ուսանողների աշխատանքներում:
Գրադարանի տնօրեն պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը նկատում է, որ օտարալեզու գրականությունը խիստ սահմանափակ է օգտագործվում. «Սա կարելի է վերագրել օտար լեզուների վատ իմացությանը: Երբ ուսանողը որևէ գիրք է պատվիրում, մենք նրան տեղեկացնում ենք նաև օտարալեզու նորագույն գրականության մասին, բայց նրանք, տարբեր պատճառաբանություններով, կրկին վերցնում են հայերենը»:
Օտարալեզու նորագույն ամսագրերի չօգտագորման խնդիրը գրադարանի տնօրենը բազմիցս բարձրաձայնել է, քանի որ համոզվել է` չկա օտարալեզու աղբյուրներից օգտվելու պարտադրանք, մինչդեռ ընդունված է, որ ցանկացած գիտական աշխատանքում ցանկալի է ընդգրկել նաև օտարալեզու գրականություն:
Տիգրան Պետրոսյանցը նկատում է նաև` ուսանողները երբեմն գրադարանում են տեղեկանում, որ այդ ամսագրերը կան համալսարանի գրադարանում:
Հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը գրեթե ամեն օր օգտվում է ռուսալեզու գրականությունից` խոստովանելով, որ հայերենը լինելու դեպքում անպայման դրանից կօգտվեր, իսկ ռուսերենով և այլ լեզուներով լույս տեսնող նորագույն ամսագրերի մասին տեղյակ չէր:
Բացի գրքերից, ուսանողները գրադարանում օգտվում են նաև համացանցից: Այս դեպքում էլ նկատելի է հատկապես հայալեզու կայքերի կիրառումը կամ տարբեր լեզուներից հայերեն թարգմանությունները:
Հոգեբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Բելա Հարությունյանը նույնպես իր կուրսային աշխատանքներում օգտվում է օտարալեզու գրականությունից, սակայն նկատում է, որ տարբեր սերունդների դասախոսներ ինֆորմացիայի տարբեր աղբյուներ են մատնանշում. ավելի տարեց դասախոսները ուսանողին մղում են դեպի գիրքը, իսկ երետասարդները` համացանցը:
Գրադարանի տնօրենը հավաստիացնում է, որ իրենք ապահովում, առաջարկում են ուսանողին մեծածավալ օտարալեզու գրականություն, իսկ օգտվելուն առավել շատ կարող են մղել միայն դասախոսները:
Խնդրի լուծմանը, թերևս, կնպաստեն համալսարանի ուսումնական պրոցեսում կատարված փոփոխությունները, ըստ որի` բակալավրատն ավարտած ուսանողը հայերենից բացի պարտադիր կտիրապետի մեկ օտար լեզվի` իր ցանկությամբ:
Ի դեպ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1922 թ-ին` 190 կտոր գրականության ֆոնդով:
Գրադարանն ունի 24 օրինակ հնատիպ, ավելի քան 3000 արժեքավոր գիրք, 768 նախախորհրդային հայկական ամսագիր: Գրադարանի մատենագրության բաժնում պահվում է 702 ատենախոսություն և 758 սեղմագիր: Գրադարանը ստանում է 17 անուն թերթ ու 82 անուն գիտատեսական ամսագիր:
Գիտական գրադարանն ունի շուրջ 18.000 ընթերցող և ավելի քան 600.000 միավոր գիրք: