ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջին հանրապետության տոնը` ռազմական ինստիտուտում
25.05.2012
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդը մայիսյան հաղթանակների առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակում համերգային ծրագրով եղավ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Ռազմական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի համագործակցությունն ունի տարիների պատմություն, իսկ համատեղ կազմակերպվող միջոցառումները վաղուց նորություն չեն:
Համերգավարներ Լուսինե Փիրոյանն ու կուրսանտ Աղասի Ալեքսյանը միջոցառման ընթացքում հետաքրքիր տեղեկություններ ներկայացրին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունից:
Հայկական էստրադայի ներկայացուցիչներ Սարգիս Առաքելյանը, Անահիտ Շահբազյանը, Սարգիս Գրիգորյանը, Նարեկ Ավետիսյանը, Արտակ Բարսեղյանն ու «Էլիտ» պարային համույթի փոքրիկներն էլ իրենց երգերով ու պարային կատարումներով բարձր տրամադրություն հաղորդեցին երիտասարդ կուրսանտներին ու հրամանատարներին:
Մեծ ոգևորություն առաջացրեց Արտակ Բարսեղյանի կատարած հայոց բանակի օրհներգը` «Երազ իմ երկիր հայրենի»-ն, որի հնչյունների ներքո դահլիճը հոտնկայս միացավ կատարողին:
ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մշակութա-լուսավորչական բաժնի պետ, մայոր Սպարտակ Մուրադյանը կարևորում է նման միջոցառումների անցկացումը:
Նա վստահ է`դրանք խթանում են ռազմահայրենասիրական դաստիարակությանը, գիտելիքների ավելացմանն ու գեղագիտական ճաշակի բարձրացմանը և որ ամենակարաևորն է` կուրսանտը, գտնվելով զինվորական հաստատությունում, իրեն երկրի լիարժեք քաղաքացի է զգում: