ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հնատիպ գրքերի ցուցադրություն Մանկավարժական համալսարանում
25.05.2012

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ հնատիպ գրքերի ցուցադրություն` նվիրված բուհի հիմնադրման 90 և հայ գրատպության 500-ամյակներին:

Ցուցադրության էին ներկայացված 1669-1788 թվականների հայ տպագրության 24 նմուշ, այդ թվում նաև 1795 թվականին Սանկտ-Պետերբուրգում լույս տեսած ռուսալեզու գիրքը: Դրանք 1923 թվականից իրենց տեղն են գտել Մանկավարժական համալսարանի գրադարանում:
 
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը: Ողջունելով հյուրերին` վերջինս ներկայացրեց գրադարանի ստեղծման պատմությունն ու տարեգրությունը:
 
Կարևորելով այս ցուցադրությունը` Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ներկայացված հնատիպ գրքերը մշակութային ժառանգության մաս են կազմում և որպես արժեք` Մանկավարժական համալսարանի սեփականությունն են: Այդ գրքերը գիտահետազոտական նպատակով կիրառում են բոլոր ցանկացողները:
 
Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Սուքիասյանը ներկայացրեց տարբեր դարաշրջաններում աշխարհում լույս տեսած հայատառ գրքերի թվային վիճակագրությունը:
 
Ցուցադրության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, ով բարձրարժեք համարեց համալսարանի գրադարանի գրքային հավաքածուն: Վերջինս հույս հայտնեց, որ գրատպության 500-ամյակի շրջանակում կազմակերպվող այսպիսի միջոցառումները կդառնան ոչ միայն պարտականություն, այլև կմղեն մարդուն տեղեկատվական այս դարաշրջանում մոտ կանգնել գրքին:
 
Ցուցադրությանը ներկա էին հայաստանյան բուհական գրադարանների տնօրենները, Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը, Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, ԱԺ պատգամավոր, բուհի շրջանավարտ Արտյուշա Շահբազյանը և գրական աշխարհի այլ ներկայացուցիչներ: