Հաջողությամբ ավարտվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իրականացրած` ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական

կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրը:
Երեք ամիս շարունակ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներն ու մագիստրոսները Հայաստանի երկու` Նուբարաշենի և Արարատի զորամասերում, կամավոր սկզբունքով դասավանդեցին զինծառայողներին:
Մի շարք ուսումնական առարկաների գծով գիտելիքների հաղորդումն ու զարգացումը նպատակ ուներ զինծառայողներին նախապատրաստել ՀՀ բուհերում, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելուն:
Տաթևիկ Ասրյանն աշխատում է Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետում: Ծրագրին միացել է մեկնարկի օրվանից: Ասում է` բանակի ու զինվորների մասին իր պատկերացումները սահմանափակ էին: Առաջին օրերին մտավախությունը մեծ էր. գուցե չկարողանան, դասերն էլ արդյունավետ չանցնեն և չտան անհրաժեշտ արդյունքը:
Այսօր արդեն այդ վախն անցյալում է. «Կարծում եմ մեր այցելությունները զորամաս հետաքրքրեցրին զինվորների առօրյան ու կրճատեցին նրանց ծառայության ժամկետները: Վստահ եմ` եռամսյա ծրագրի միջոցով ստացած գիտելիքները, ձևավորված ունակություններն ու կարողությունները նրանց կօգնեն ուսումը շարունակել նախընտրած ուսումնական հաստատությունում»:

Ծնունդով վանաձորցի շարքային Անդրանիկ Պապոյանի համար օրը կրկնակի տոնական է: Երկու տարվա դժվարությունները հաղթահարած և հայրենիքի առջև պարտքը կատարած զինվորն այսօր զորացրվելու է: Բանակ զորակոչվելուց չէր էլ պատկերացնում, որ հենց այստեղ կձևավորվի կրթությունը շարունակելու գաղափարը և ցանկություն կունենա ստանալ երկրոդ մասնագիտություն` այս անգամ արդեն մայրաքաղաքում:
23 ամիս ծառայած շարքային Վարդան Բաղդասարյանն էլ մի քանի օր հետո է զորացրվելու: Միջնակարգ կրթություն ստացած Վարդանը ծրագրից ընդամենը օրեր հետո հասկացավ` պետք է ռեժիսոր դառնա: Բուհի ընտրության հարցում դժվարություններ չառաջացան. Վարդանի որոշումը հաստատ է`Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետն այն վայրն է, որտեղ կծանոթանա ռեժիսորական վարպետությանն ու հենց այստեղ կդրվի իր մեջ արվեստի ճիշտ և ամուր հիմքը:
Նուբարաշենի զորամասի փոխգնդապետ Գագիկ Ղուկասյանի համար զինվոր-ուսանող-դասախոս կապը ոգևորող է: Փոխգնդապետը վստահ է` մեր ազգին լավ կրթություն է պետք, ինչին նպաստում է նաև այս ծրագիրը:
Ծրագրի հաջող ավարտի համար զինվորներին շնորհավորեց նաև Համալսարանի Ռազմավարական կառավարման վարչության պետ Ռիտա Գևորգյանը. «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք հաջողությամբ իրականացրինք այս ծրագիրը: Համզոված եմ` մեր բուհի երիտասարդ դասուսույցների, ֆակուլտետների դեկանների փոխանցած գիտելիքները կնպաստեն ձեր առաջընթացին: Մանկավարժական համալսարանը մեծ սիրով և ուրախությամբ կդիմավորի ձեզ նոր ուսումնական տարում»:
Նուբարաշենի զորամասի ծրագրին մասնակցած 70 զինծառայողներ Մանկավարժական համալսարանի կողմից ստացան «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի

զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի իրականացման» ծրագրին մասնակցության հավաստագրեր:
Նուբարաշենի զորամասի ղեկավարությունը անակնկալ էր մատուցել նաև Մանկավարժականի համար:
Զինծառայողների կրթական մակարդակը բարձրացնելու և ՀՀ Զու անձնակազմի ուսուցման և դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար ծրագրի մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր:
Նշենք, որ այս ծրագիրը մեկնարկել էր մարտի 10-ին և այն փորձնական էր, որն ավարտվեց հաջողությամբ:

