ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նասեր Կազեմին կհանդիպի լրագրողների հետ
29.05.2012

Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ- NECO) նախագահ Նասեր Կազեմին: Նա հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նասեր Կազեմիին կառավարությունում ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նասեր Կազեմին Հայաստանում է Սերժ Սարգսյանի հրավերով:

Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին,երբ աշխատանքային այցով ԱՄՆ Էլլիս կղզում էր Սերժ Սարգսյանը, հենց Նասեր Կազեմին նրան հանձնեց «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար:

Սերժ Սարգսյանը Էլլիս կղզում այցելել էր Ներգաղթի թանգարան, դիտել 1915թ. Հայոց ցեղասպանությանը և Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:

Այդ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը տեր եւ տիկին Կազեմիներին հրավիրեց Հայաստան: Ի դեպ, Նասեր Կազեմին ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (NECO) նախագահն է, այլեւ երկու տասնյակի հասնող ընկերությունների սեփականատեր:

Վաղը, մայիսի 30-ին Նասեր Կազեմին կհյուրընկալվի Հայկական պետական մանկավարժական համալսարանում, ուր նրան կտրվի պատվավոր դոկտորի կոչում, որից հետո նա հանդես կգա մամլո ասուլիսով:

Ի դեպ, ՀՀ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Նասեր Կազեմին անդրադարձել էր նաեւ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության հեռանկարին եւ ընդգծել, թե բարձր է գնահատում փաստը, որ կրթական համակարգը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում:

Նասեր Կազեմիին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան լրագրողները մայիսի 30-ին, ժամը 10-ից, Ալեք Մանուկյան 13 Ա հասցեում` ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում:

Մանրամասների համար կարող եք զանգահարել ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն` 597 000 հեռախոսահամարով: