Մարտի 1-ից մայիսի 29-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեցին հումանիտար առարկաների դասավանդման մեթոդիկայի
գծով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
140 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացները կազմակերպել էր համալսարանի Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնը:
Նախադեպը չունեցող այս դասընթացին մասնակցեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության 10 աշխատակից:
Վերապատրաստման դասընթացներն անցկացրեցին Մանկավարժական համալսարանի առաջնակարգ մասնագետները` Սրբուհի Գևորգյանը, Սամվել Խուդոյանը, Կամո Վարդանյանը, Վահան Սարգսյանը, Լուսինե Պողոսյանը, Արուսյակ Հովհաննիսյանն ու Հակոբ Թադևոսյանը:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց դասընթացի մասնակիցներին և նրանց հանձնեց մասնակցության հավաստագրեր:
Բուհի ռեկտորը հույս հայտնեց, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու տեղեկատվությունը օգտակար կլինի մասնակիցների հետագա գործունեության համար:
«Մենք ծառայում ենք մի ընդհանուր, կարևոր գործի` մեր երկրի, պետության զարգացմանն ու ամրապնդմանը: Թե´ պետության անվտանգության հիմնախնդիրը, թե´ կրթական համակարգը և նրա զարգացումը այն հիմնասյուներից են, որոնք ապահովում են մեր երկրի առաջընթացը»,-ասաց Ռուբեն Միրզախանյանը:
Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին բուհի ռեկտորին, Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնին և դասավանդող մասնագետներին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի դասախոսական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: