ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողների առաջին գիտական հրապարակումները
30.05.2012

Մայիսի 29–ին Մանկավարժական համալսարանի Կրթության հոեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները դեկանի` գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանի ղեկավարությամբ մասնակցեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում կազմակերպված կուրսանտական 10-րդ գիտական կոնֆերանսին:

Արևիկ Անտոնյանը, Տաթև Բաղդասարյանը գիտաժողովի` «Հասարակական գիտություններ» մասնաճյուղի աշխատանքներում, ներկայացրեցին արդիական և տեսագործնական կարևոր նշանակություն ունեցող թեմաներով զեկուցումներ:

Արևիկ Անտոնյանն իր զեկույցում վերլուծեց սոցիալ-մանկավարժական աշխատանքի զարգացման հեռանկարները ՀՀ Զինված ուժերում, դրանց իրագործման հնարավորություններն ու առանձնահատկությունները, իսկ Տաթև Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում ներառական կրթության ծրագրի զարգացման հնարավորություններին, դրա դրական ու բացասական կողմերին, կատարելագործման ուղիներին:

Զեկուցումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում:

Գիտական կոնֆերանսին զինվորական կոլեկտիվների դաստիարակչական հնարավորությունների զարգացման հիմնախնդրի պարզաբանումներով` հանդես եկավ նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի` գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:

Ռազմական ինստիտուտի Հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոնի պետ` գնդապետ Վալերա Վարդանյանը, կարևորելով ներկայացվող հիմնախնդիրը, առաջարկեց Հակոբ Թադևոսյանին հետագայում այդ թեմայով զեկուցում ներկայացնել դասախոսական կազմի համար:

Գիտաժողովի երկրորդ մասնաճյուղի պատասխանատու` գնդապետ Վալերա Վարդանյանը, ողջունելով Մանկավարժական համալսարանի ուսանողներին ասաց. «Բարձր եմ գնահատում գիտաժողովին մանկավարժականի ուսանողների ակտիվ մասնակցությունը և կարևորում են նրանց աշխատանքների գործնական հետազոտական նշանակությունը»:

Ի դեպ, գիտաժողովին մասնակից ուսանողների առաջին գիտական հրապարակումները, զեկույցների թեզիսները տպագրվել են «ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի «Կուրսանտական 10-րդ գիտական կոնֆերանսի ծրագիր և թեզեր» գրքույկում: