ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ- NECO) նախագահ Նասեր Կազեմին

հյուրընկալվեց Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նրան դիմավորեց Մանկավարժական համալսարանի փողային նվագախումբը, որը յուրօրինակ տոնական տրամադրություն հաղորդեց ներկաներին միջոցառումը դեռ չսկսված:
Բուհում Նասեր Կազեմիի պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով օտարեկյա հյուրին և նրա տիկնոջը, Նասեր Կազեմիին բնորոշեց որպես մի մարդու, ով հասել է բացառիկ հաջողությունների իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ, և իրականացրել է խորհրդանշական «ամերիկյան երազանքը»:
«Դուք մեծագույն ավանդ ունեք հասարակական բարեգործական աշխատանքներում, որի հիմքում ընկած է այն գաղափարը, որ երիտասարդն իր աշխատասիրության և կրթության շնորհիվ կարող է հասնել իրական հաջողությունների: Մենք ուրախ ենք և հպարտ, որ Ձեր նման անձնավորության հետ ապրում ենք նույն աշխարհում և որ այսօր հանդիպեցինք հայ ժողովրդի համար խոշորագույն մանկավարժական հաստատությունում` Մանկավարժական համալսարանում»,-ավելացրեց Ռուբեն Միրզախանյանը:
Նասեր Կազեմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Հայաստանում անցկացրած չորս օրերն էլ հոյակապ էին:

Երկու տասնյակից ավելի համակարգչային և այլ ընկերությունների սեփականատեր Նասեր Կազեմին ներկաներին պատմեց ԱՄՆ-ում հաստատվելու, ժամանակի լավագույն համակարգչային ընկերություններից մեկում աշխատանքի անցնելու և իր բիզնեսի ընդլայնման պատմությունը:
Կարևորելով կրթության դերը` ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» նախագահը նշեց. «Ինձ համար կարևոր էր հանդիպել Մանկավարժականի դասախոսներին և ուսանողներին, քանի որ կրթությունը կարող է բերել մրցունակություն աշխատաշուկայում, իսկ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կրթություն»:
Կազեմին նշեց, որ իր հաջողությունների հիմքում եղել է որակյալ կրթությունը, ինչի շնորհիվ իրականացրել է «ամերիկյան երազանքը»:
«Գալով Հայաստան` ես համոզվեցի` դուք տաղանդաշատ ժողովուրդ եք: Դուք` հայերդ, ևս կարող եք իրականացնել ձեր` հայկական երազանքը, բայց այն իրականացնելուց առաջ նախ պետք է հասկանաք, թե ինչի՞ կարիք ունի ձեր հայրենիքը: Հայկական երազանքն իմաստալից է, դուք հավատում եք Աստծուն, ունեք տաղանդ, պատմություն, որն էլ կնպաստի ձեր՝ հայկական երազանքի իրականացմանը: Ձեր երկրում դուք ունեք ամեն ինչ»,– ասաց նա:
«Պետք չէ ինձ նման ստեղծել հարյուրավոր ընկերություններ, միլիոնավոր աշխատատեղեր: Ամենակարևորը` աշխատանքի ցանկությունն է. հետևեք ձեր սրտի ձայնին»,-խորհուրդ տվեց Կազեմինին:
Խոշոր գործարարն ու բարեգործը հատկապես տպավորվեց` տեսնելով Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարային անսամբլի ազգագրական և ժողովրդական պարային կատարումները, որի ընթացքում նրան նաև անակնկալ մատուցվեց`պարսակական պար: Նասեր Կազեմին ազգությամբ իրանցի է:
Հանդիպման ընթացքում Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Նասեր Կազեմիին շնորհեց Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում և նրան հանձնեց համալսարանի բարձրագույն պարգևը` «Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Նասեր Կազեմին անդրադարձել էր նաև Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության հեռանկարին և ընդգծել, թե բարձր է գնահատում այն փաստը, որ կրթական համակարգը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում: