ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին խոսքի շտկման ժամանակակից մեթոդները
31.05.2012
Հատուկ կրթության ֆակուլտետի կազմում գործող Լոգոպեդական ծառայությունների հանրապետական կենտրոնի 1-ին կուրսի ուսանողները կազմակերպել էին բաց դաս:
Երկամյա դասընթացի շրջանակում սա նրանց առաջին միջոցառումն էր և կրում էր «Խոսքային խանգարումներով երեխաների խոսքի շտկման ժամանակակից մեթոդները» խորագիրը:
«Շատ դեպքերում երեխաների խոսքային խանգարումները կապված են սոցիալական և կենսաբանական արտաքին գործոնների ազդեցությամբ, ուստի օրեցօր մեծանում է լոգոպեդի աշխատանքի դերը»,- ասաց միջոցառման կազմակերպիչ, դասախոս Մերի Շաբոյանը:
Վերջինիս խորհրդով ուսանողները պատրաստել էին խոսքային խանգարումները շտկող դիդակտիկ պարագաներ, որոնցում ներդրել էին նաև իրենց նախորդ տարիների պրակտիկաների փորձը` նկատելով, որ դրանք նպաստում են երեխաների բանավոր խոսքի շտկմանը:
Ուսանողներն իրենց զեկուցումների ընթացքում ներկայացրին խոսքային խանգարման պատճառներն ու առանձնահատկությունները, ձայնի խանգարումը բացահայտող ժամանակակից մեթոդները, լոգոպեդի աշխատանքի և շնչառական վարժությունների կարևորությունը:
Բաց դասի ընթացքում ուսանողների առաջարկած խաղի միջոցով փորձ արվեց պարզել երեխաների ձայնային արտահայտությունները տարբեր իրավիճակներում:
Լոգոպեդական ծառայությունների հանրապետական կենտրոնի ղեկավար Կիմ Սարուխանյանը կարևորեց նման բաց դասերի կազմակերպումը և հույս հայտնեց, որ ներկայացված դիդակտիկ նյութերն ու շնչառական վարժությունները կկիրառվեն մյուս լոգոպեդների աշխատանքում ևս: