ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեղեցիկը պետք է ճանաչել մանկուց
01.06.2012
Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնը կազմակերպել էր «Նախադպրոցականի գեղագիտական դաստիարակության հիմնահարցերը» խորագրով ուսանողական գիտաժողով` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Գիտաժողովի բացման խոսքում Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, մանկավարժության պրոֆեսոր Սվետլանա Մարությանը նշեց, որ թեև ամբիոնն իր ստեղծման օրից իրականացրել է մի շարք միջոցառումներ, գիտաժողովներ, բայց սա առանձնանում է նրանով, որ կազմակերպվել և ներկայացվել է նաև ուսանողների ջանքերով ու նրանց մասնակցությամբ:
Անդրադառնալով ամբիոնի կատարած աշխատանքներին` Սվետլանա Մարությանը նշեց, որ ամբիոնի դասախոսները զբաղվում են նաև երեխաների գեղագիտական դաստիարակության խնդիրներով` ընդգրկելով նախադպրոցականի կերպարվեստային և երաժշտական դաստիարակությունը:
«Մարդու գեղագիտական դաստիարակության խնդիրները ամբիոնի ուշադրության կենտրոնում են. ուստի մեր աշխատանքների շնորհիվ մշակվում են գործնական և տեսական մեթոդիկաներ` նախադպրոցական հաստատություններում կիրառելու համար»,-վստահեցրեց ամբիոնի վարիչը:
Զեկուցումներում ուսանողները կարևորեցին երաժշտությունն ու համակարգչային մանկական խաղերը որպես նախադպրոցական դաստիարակության, ստեղծագործական կարողությունների զարգացման միջոցներ, իսկ գեղագիտական պատկերացումների ձևավորման գործում` մանկական գրքարվեստը:
Ուսումնասիրելով տեսականն ու իրենց անցած փորձաշրջանը` զեկուցող ուսանողները բարձր գնահատեցին նախադպրոցական հաստատություններում գեղագիտական դաստիարակության նշանակությունն ու կազմակերպումը:
Զեկուցումներից բացի գիտաժողովին ներկայացված էին նաև ուսանողների ձեռագործ աշխատանքները, որոնք գիտաժողովի կազմակերպիչ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Խաչատրյանի դիտարկմամբ` կապված են զարգացման բոլոր տիպի գործընթացների` հոգեկան, ճանաչողական, ուսուցողական, երևակայության, հիշողության զարգացման հետ:
Երեխաների մոտ ձևավորվում է գեղեցիկի զգացողություն, սովորում են ճանաչել և տեսնել գեղեցիկն ու տգեղը, ներդաշնակն ու քաոսայինը: Բոլոր վերը թվարկված արժեքները կմնան անկատար, եթե դաստիարակները համապատասխան ուշադրություն չդարձնեն կերպարվեստի գործունեությանը, երեխաների դեկորատիվ գործունեության հիմքերի ձևավորման ընթացքում թույլ տան կոպիտ մեթոդական սխալներ:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի գիտության գծով տեղակալ Լուսինե Պողոսյանը նույնպես կարևորեց գեղագիտական դաստիարակության դերը: «Յուրաքանչյուր դաստիարակի պարտքն է ձևավորել գեղագիտական ճաշակ, աշխարհընկալում, գեղեցիկի նկատմամբ վերաբերմունք և զգացմունքների կառավարում: Նման միջոցառումները կնպաստեն նաև ուսանողների` հետագայում որպես դաստիարակի կայացմանը, աշխատանքային գործունեության որակի բարձրացմանը: Այսպիսով բացահայտվում է նաև ուսանողների գիտական ներուժը, որոնողական աշխատանքների ունակությունը»,-ասաց Լուսինե Պողոսյանը:
Զեկուցումները ընդմիջվում էին ֆակուլտետի երգչախմբի և Կենտրոն համայնքի համար 5 մանկապարտեզի երեխաների կատարումներով: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսները, ուսանողներ և վերոնշյալ մանկապարտեզի տնօրենն ու երեխաները:
Ի դեպ, հենց այդ մանկապարտեզում են ֆակուլտետի ուսանողներն անցկացրել իրենց պրակտիկան: