Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հենց այս օրն է կոչ արվում ավելի ուշադիր լինել երեխաների խնդիրների հանդեպ և պաշտպանել նրանց իրավունքները:

Առաջնորդվելով այդ գաղափարով` ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի վերականգնողական թերապիայի ամբիոնը, Ուսանողական խորհրուրդը և համալսարանի Արհմիությունը կազմակերպել էին «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով միջոցառում:
Հետաքրքիր մրցույթներ, երգ, պար, կավճանկարչություն. սա տոնական համերգի միայն մի մասն էր, որը վայելեցին Մանկավարժական համալսարանի բակում հավաքված փոքրիկները:
Երգի պետական թատրոնի սաների կատարմամբ հնչեցին մանկական` «Թզուկ», «Ծննդյան տոն», «Պար», «Երկու քույրիկ» երգերը:
Միջոցառման կազմակերպիչները վստահ են` տոնական այդ օրը հավասար իրավունքներ պետք է ընձեռվի նաև կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Թերևս դա էր առիթը, որ միջոցառմանը հատուկ հրավիրվել էին «Հույսի կամուրջ» կազմակերպության և համար 100 ներառական դպրոցի աշակերտները:
10-ամյա Լիպարիտ Թամազյանի համար հունիսի մեկը սիրելի տոներից է: Միջազգային տոնի առթիվ շնորհավորանքներ շատ է ստացել, իսկ նվերների դեռ սպասում է: Միջոցառման ողջ ընթացքից Լիպարիտի համար հատկապես տպավորիչ էր սեփական ձեռքով արված կավճանկարը:
Հայաստանի Հանրապետության դրոշը պատկերելիս գունային երանգները Լիպարիտի համար իրականի պես են: Կարմիր, կապույտ, նարնջագույնը նրա կարծիքով խաղաղություն, բարություն և անհոգ մանկություն խորհրդանշող այն երանգներն են, որոնք այդքան շատ են պակասում մեր իրականությանը:
Հիշեցնենք, որ տոնը ամենահին միջազգային տոներից է: Այն հաստատվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հայաստանում հունիսի 1-ը նշում են դեռ խորհրդային տարիներից: