Արդեն տևական ժամանակ գործում է Հինդաուի տպագրական կորպորացիան, որը թողարկում է բաց հասանելիությամբ 300-ից ավելի ամսագրեր: Ֆիզիկայի ոլորտին վերաբող գիտական հոդվածներին օն-լայն տարբերակով կարելի է ծանոթանալ «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի նվաճումները» միջազգային գիտական ամսագրից:
Այս տարի կտպագրվի վերոնշյալ միջազգային գիտական ամսագրի` «Նոր նյութեր գծային եւ ոչ գծային օպտիկական կիրառության համար» ⁄New materials for advanced linear and non-linear optical applications⁄ հատուկ համարը:
Վերջերս, Հինդաուի տպագրական կորպորացիայի որոշմամբ, հայտնի դարձավ նաև հատուկ համարի հաստատված խմբագրական խորհուրդը:
Ամսագրի գլխավոր խմբագիրն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Մանկավարժական համալսարանի Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայի վարիչ Էդվարդ Կոկանյանը: Խմբագրակազմում են նաև Ֆրանսիայի Լորենի համալսարանի պրոֆեսոր Միշել Այլլերը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Դեմիրխանյանը և Ռուսաստանի RPC Optolink Ltd-ի պրոֆեսոր Սերգեյ Կոտրիցսկին:
«Ամսագրի թողարկման համար խմբագրակազմը հավաքագրում է տարբեր երկրների գիտնականների` ֆիզիկայի ոլորտին առնչվող առնվազն 20 հոդված: Օն-լայն ամսագրի խմբագրությունը գործելու է Մանկավարժական համալսարանում: Սա լավ հնարավորություն է ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու բուհի գիտական ներուժը»,-ասաց խմաբագրակազմի անդամ, ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, դոցենտ Գագիկ Դեմիրխանյանը: