ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրն ավարտվեց

նաևԱրարատի` Վազգեն Սարգսյանի անվան զորամասում:
Այդ առթիվ Մանկավարժական համալսարանում էին զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներն ու ծրագրի մասնակից նախկին զինծառայողները:
Արարատի 5-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարական անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Արամ Արզումանյանը շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց Մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին, ասպիրանտներին ու մագիստրոսներին:
Վերջինս հրամանատարական ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` 2010թ-ի գարնանային զորակոչի զինծառայողների կրթական կարիքների բավարարման ծրագրին մասնակցելու և ակտիվ փոխհամագործակցության համար:
«Արարատի զորամասի 400 զինծառայողներից ծրագրին մասնակցեցին մոտ 200-ը: Չնայած սկզբում կային որոշակի թերացումներ, սակայն կարճ ժամանակ անց դրանք շտկվեցին:

Վստահ եմ, որ այս ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքները մեր զորամասի ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտան նախապատրաստվել և ուսումը շարունակել ՀՀ բուհերում, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում»:
Մանկավարժական համալսարանի հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը, շնորհավորելով Վազգեն Սարգսյանի անվան զորամասի կազմավորման 16 տարեդարձի կապակցությամբ, հույս հայտնեց, որ համագործակցությունն այս զորամասի հետ կլինի շարունակական:
«Սա Մանկավարժական համալսարանի` նման ծրագիր իրականացնելու առաջին փորձն էր: Սկզբնական փուլում կային որոշակի մտավախություններ, սակայն այսօր արդեն վստահ կարելի է ասել`ծրագիրն իրականացվեց հաջողությամբ»:
Հիշեցնենք, որ փորձնական այս ծրագիրը Արարատի զորամասում մեկնարկել էր մարտի 18-ին:
