Մայիսի 25-ից հունիսի 4-ը Մոսկվայում անցկացվեց «Մշակույթի և արվեստի բուհերը համաշխարհային կրթական տարածաշրջանում. ռուս-սլավոնական մշակութային ավանդները և

միջմշակութային փոխհարաբերությունները» խորագրով երիտասարդական գիտաժողով:
Միջազգային գիտաժողովի կազմակերպման նպատակն է տարբեր ազգերի ներկայացուցիչներին ծանոթացնել ռուսական մշակույթին ու կրթական համակարգին: Գիտաժողովին մասնակցում էին Իտալիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և այլ երկրների` մինչև 35 տարեկան արվեստի բնագավառի 25 երիտասարդ գիտնականներ:
Հայաստանը գիտաժողովին մասնակցում էր առաջին անգամ: Մեր պետությունը Մոսկվայում ներկայացրեց Մանկավարժական համալսարանի Երաժշտության տեսության և նրա դասավանդման ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Անահիտ Գևորգյանը:
Մոսկովյան մշակութային հաստատություններ հնգօրյա այցելություններից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Բրյանսկ քաղաքում:

Կարևորելով երեխային ազգային մշակութային արժեքներով դաստիարակելը` մանկավարժական բուհի դասախոս Անահիտ Գևորգյանը գիտաժողովին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում ժողովրդական երաժշտությունը որպես հոգևոր-բարոյական դաստիարակության միջոց» թեմայով զեկույց:
Վերջինս նաև պատկերային միջոցովներով ներկայացրեց «Երաժշտություն» առարկայի շրջանակում հայ ազգային երաժշտության, ազգագրական պարերի դրվածքը հանրակրթական հաստատություններում, Կոմիտասի, Ալ. Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի ավանդը հայ երաժշտարվեստում:
Գիտաժողովի մասնակիցները պարգևատրվեցին «Արտասահմանյան երկրների բարձրագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչների` դեպի ՌԴ ճանաչողական շրջայցի գիտական երիտասարդական շրջանի պատվիրակության անդամ» պատվոգրով:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպել էր Մշակույթի և արվեստի մոսկովյան պետական համալսարանը` նախկին ռեկտոր Ռամազան Աբդուլատիպովի նախագահությամբ և «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության հովանավորությամբ:
Ի դեպ,Ռամազան Աբդուլատիպովը և Մոսկվայի արվեստի և մշակույթի պետական համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տ.Կուզնեցովան շնորհակալական նամակ են հղել Անահիտ Գևորգյանին` հայտնելով իրենց երախտագիտությունը մասնակցության և կատարած աշխատանքի համար: