Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանի նախաձեռնությամբ, ողջ ֆակուլտետում

հայտարարվել էր լռության րոպե` ի հիշատակ հունիսի 4-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագծում զոհված զինվորների:
Յուրի Դավթյանը հիշատակի խոսքում անդրադարձավ 1994 թվականին հաստատված հայ-ադրբեջանական հրադադարին` ընդգծելով, որ հայերի դեմ պայքրում ադրբեջանցի հրոսակները միշտ էլ խայտառակ պարտություն են կրելմ իսկ դավադրություններում նրանք նմանը չունեն:
«Միաժամանակ համաձայնություն ենք տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` օրերս արած հայտարարությանը, և հավատում, որ հատուցումը չի ուշանալու, լինելու է արդար և խիստ:
Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը խորապես սգում է Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանի, Հրաչ Սամվելի Սարգսյանի, Վարդան Ռոբերտի Օհանյանի և Կարեն Կամոյի Դավթյանի մահը, վշտակցում նրանց հարազատներին, ամբողջ ժողովրդին»,-իր խոսքում նշեց Յուրի Դավթյանը:
Վերջինս նաև կոչ արեց բանասերներին, որ գիտելիքով պայքարեն բոլոր կռիվների դեմ և իրականացնեն իրենց առաքելությունը` դաստիարակելով պայքարող ու հայրենասեր զավակներ:

Բանասիրական ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ Հրանտ Սարաֆյանը արդեն ծառայել է հայոց բանակում և շատ հպարտ է դրա համար: Նրա կարծիքով, ադրբեջանցիների իրականացրած սարսափելի գործողությունները ստիպում են սթափվել, լինել առավել զգոն ու համախմբված` թշնամուն հուժկու և դիպուկ հարվածելու համար:
Իսկ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Սիրարփի Գևորգյանի համար սա կրկնակի ցավ է. մահացած զինվորներից մեկը նրա դասընկերն է:
«Պատահածը ոճրագործություն է. նմանատիպ գործողությունները դարձել են մեր թշնամիների` արյան հետ սերնդեսերունդ փոխանցվող տարր: Կարծում եմ, որ հիշատակի նման երեկոները կբարձրացնեն երիտասարդ սերնդի ազգային ոգին և մեկ անգամ էլ կստիպեն մտածել` ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ի՞նչ ապագա պիտի կառուցենք»,-ավելացրեց Սիրարփի Գևորգյանը:
Հավաքված ուսանողներն ու պրեֆեսորադասախոսական կազմը մոմեր վառեցին և աղոթեցին զոհված զինվորների հոգու հանգստության համար: